2016թ. սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է ընտրեն երկրի օրենսդիր իշխանության նոր կազմը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական RT-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին համապատասխան օրենքը ստորագրել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սահմանված կարգի համաձայն՝ տեղի ունենալիք ընտրությունների միջոցով երկրի խորհրդարան կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգ) կընտրվի 225 պատգամավոր, ևս 225 հոգի պատգամավոր դառնալու համար անհատական պայքար կմղի (մեծամասնական ընտրակարգ)։
Տեղեկացնենք, որ Ռուսաստանի օրենսդրության համաձայն երկրի խորհրդարան կարող են անցնել այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5%-ոց արգելքը, իսկ մեծամասնական համակարգով պայքարող անհատ քաղաքական գործիչներից պատգամավոր է ընտրվում առավել շատ ձայն հավաքածը։