2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի նույնասեռականների գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, որի հետևանքով սպանվեց 50 մարդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Օրլանդո։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The Washington Post պարբերականը։
Օրլանդո կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահին ուղեկցել են այդ երկրի փոխնախագահ Ջո Բայդենը, «Հանրապետական» կուսակցության անդամ և Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն։ Այցի ընթացքում Օբաման հանդիպել և իր զորակցությունն է հայտնել ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։
Այցի ընթացքում Օբաման ծաղիկներ է դրել դեպքի վայրից մեկ կիլոմետր հեռավորությամբ հուշարձանի մոտ և նշել, որ հունիսի 12-ին քաղաքը ցնցվեց չարի և ատելության հողի վրա կատարված գործողությունից։
Օբաման նաև ելույթ է ունեցել Օրլանդոյում, որի ժամանակ պատմել է զոհերի հարազատների և իր ու Բայդենի հանդիպման մանրամասները. «Ես և փոխնախագահն ասացինք, որ մեր սրտերը ևս խոցված են, բայց մենք ձեզ հետ ենք և հիշում ենք այն մարդկանց, որոնց դուք այդքան սիրում էիք»։
Կարդացեք նաև