Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգում եւ համակարգից դուրս

Հունիս 17,2016 10:00

Գորբաչովը եւ Ելցինը խորհրդային համակարգի մի մասն էին՝ Պոլիտբյուրոյի անդամներ: Այնուամենայնիվ, նրանց գործուն մասնակցությամբ այդ համակարգը քանդվեց. չքննարկենք՝ արդյոք դա դրական երեւո՞ւյթ էր, թե՞ բացասական: Պուտինը համեմատաբար նոր եւ համեմատաբար ժողովրդավարական Ռուսաստանի իշխող համակարգի մաս էր, եւ այդ դերում իր ճանապարհն սկսեց մտավորական Անատոլի Սոբչակի թիմում, այնուհետեւ Մոսկվայում՝ Ելցինի վարչակազմում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում:

Բայց արդեն մի քանի տարի է՝ Պուտինը փորձում է տանել երկիրը հակառակ՝ «խորհրդային» ուղղությամբ (դարձյալ չքննարկենք, թե որքանով է դա հնարավոր): Եթե Գորբաչովն ու Ելցինը խորհրդային շրջանում լինեին այլախոհներ, կամ եթե Պուտինը Ելցինի շրջանում լիներ որեւէ կոմունիստական խմբակի անդամ, նրանց հաստատ չէր հաջողվի իրագործել իրենց նպատակները:

Խնդիրն, իհարկե, այդքան միանշանակ չի: Կարելի է գտնվել համակարգից դուրս եւ ազդել, նպաստել դրա փլուզմանը կամ արմատական վերափոխմանը: Նպաստել, ոչ թե իրագործել: Այսինքն՝ Ելցինը հաշվի էր նստում խորհրդային այլախոհների եւ քիչ թե շատ ազատական հայացքներ ունեցող մտավորականների (օրինակ՝ նույն պրոֆեսոր Սոբչակի) կարծիքի հետ, Պուտինն, անշուշտ, տեսնում է «ճոճանակի» հակառակ կողմը՝ «Ռուսաստանի կայսերական փառքը վերականգնելու» ձգտումն արտահայտող հասարակական տրամադրությունները: Բայց գործող անձինք սովորաբար համակարգից են՝ նույնիսկ Սաակաշվիլին էր Շեւարդնաձեի մոտ արդարադատության նախարար աշխատում:

Այսպես է, իհարկե, ոչ միայն Ռուսաստանում, Վրաստանում կամ Հայաստանում: ԱՄՆ-ում՝ դեմոկրատներն ու հանրապետականները, Գերմանիայում՝ սոցիալ-դեմոկրատներն ու քրիստոնյա-դեմոկրատները, Բրիտանիայում՝ պահպանողականներն ու լեյբորիստները՝ բոլորն, իհարկե, նույն համակարգի հավասարազոր մասեր են: Պարզապես Ռուսաստանում եւ նման երկրներում կոմունիստն է կոմունիստներին տապալում, «դեմոկրատն» է ժողովրդավարությունից հրաժարվում, իսկ զարգացած երկրներում այդ խմբերը տարբեր անուններ ունեն:

Փոփոխության հիմնական մեխանիզմը պալատական հեղաշրջումն է եւ խարդավանքները: Հայաստանում առաջին նախագահի զինակիցներն են պահանջել նրա հրաժարականը, երկրորդ նախագահը խաղաղ փոխանցել է իշխանությունը երրորդին՝ մտածելով, որ ինքը «ստվերից» ղեկավարելու է երկիրը, բայց քանի որ դա չստացվեց, «ստվերից» ղեկավարում է տարբեր կուսակցություններ, որոնք, անկասկած, նույն համակարգի մասերն են: Դա, կրկնեմ, բնական է. եթե ուզում ես որեւէ ծրագիր իրագործել, պետք է «մեջը» լինես:

Ո՞րն է մեր` համակարգից դուրս գտնվողներիս առաքելությունը: Առանց շատ մեծ հույսեր փայփայելու, բայց միաժամանակ՝ համառորեն, առանց հուսահատության եւ դեպրեսիայի նպաստել գաղափարներին եւ սկզբունքներին, բայց ոչ խմբերին, որոնց տարբերությունն, ինչպես ասվեց, զուտ «անվանական» է: Այն սկզբունքներին եւ գաղափարներին, որոնց հավատում ենք:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930