Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինին չեն հիշատակել, ուր մնաց՝ Սերժ Սարգսյանին հիշատակեին»

Հունիս 17,2016 19:00

Հակաօդային պաշտպանության միասնական
համակարգի ստեղծման համաձայնագրի խնդրահարույց հոդվածները

Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագիրը, որը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է 2015-ի հոկտեմբերի 28-ին, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ է պարունակում: Մասնավորապես համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է. «Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի ղեկավարությունն իրականացվում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի կողմից»: Այս հոդվածով նաեւ սահմանված է, որ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ուժերի ղեկավարի հրամանատարության ներքո է գտնվում միայն առանձին շրջանի ղեկավարությունը:

Մտահոգիչ է նաեւ համաձայնագրի հավելվածի 5-րդ կետը. «Միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը հիմնված է հետեւյալ սկզբունքների վրա. «Տարածքային եւ ֆունկցիոնալ առումով հավաքական անվտանգության մեկ ընդհանուր համակարգի ստեղծում կովկասյան տարածաշրջանում, համատեղ գործողությունների կոորդինացում՝ ուղղված հավաքական անվտանգությանը Կովկասյան տարածաշրջանում խաղաղ ժամանակաշրջանում եւ միասնական` մեկ ընդհանուր հայեցակարգի եւ պլանի հիման վրա պատերազմական իրադրությունում»:
Ու այսքանից հետո ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, թե համաձայնագիրն այս ոլորտում ինքնիշխանության առումով ռիսկեր չի պարունակում:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդարտեցրել էր կրքերը ՀՕՊ համաձայնագրի շուրջ` հավաստիացնելով. «Միավորված՝ նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը։ Բոլոր այն կարծիքները, որ այս համաձայնագրով Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումն անցնում է մեր դաշնակից Ռուսաստանին կամ պետք է արվի նրա հետ համատեղ, իրականությանը չեն համապատասխանում։ Սա ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգ է, որտեղ մեր Զինված ուժերի ՀՕՊ-ը պահպանում է լրիվ իր ինքնուրույնությունը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահորեն հայտարարել էր. «Պայմանագրում գրված է, որ մենք ենք որոշում մեր հակաօդային պաշտպանության խնդիրները: Հստակ նշված է նաեւ, որ հրամանը տալիս է հակաօդային պաշտպանության վարչության պետը` ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Մենք խնդիր չունենք, որ մեզ մեկ ուրիշը կառավարի: Փաստաթուղթ կա, պետք է փաստաթղթի շուրջ խոսել»:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ համաձայնագրում որեւէ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի մասին խոսք չկա. «Այդտեղ որեւէ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի մասին հիշատակում չկա. Պուտինին չեն հիշատակել, ուր մնաց՝ Սերժ Սարգսյանին հիշատակեին: Եթե խոսում ենք պատերազմի եւ խաղաղ ժամանակի իրադրության մասին, ապա նման խնդիրներով որոշում եւ հրաման կայացնելու ինքնավարություն չունեն ոչ ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, ոչ էլ Հայաստանի»:

Դառնալով Էդուարդ Շարմազանովի պարզաբանումներին` պարոն Սաֆարյանը հեգնեց. «Լավ է` չեն ասում միավորված, նշանակում է՝ առանձին: Կարող են էդպես էլ ասել, քանի որ Գալուստ Սահակյանով սկսած, շատերով վերջացրած՝ նման անհասկանալի հայտարարություններ արել են, որոնք մարսել են, չի բացառվում, որ սա էլ մարսեն: Այնինչ միավորված նշանակում է իրար կպած, միասնական, մեկ ընդհանուր հրամանատարության ներքո: Համաձայնագրում խոսք կա միայն խաղաղության ժամանակ հրամանատարության ինքնուրույնության մասին, բայց, չթերագնահատելով խաղաղությունը, համաձայնագրից ակնհայտ է, որ պատերազմի դեպքում խոսքը գնում է ՌԴ-ի կողմից ղեկավարվելու մասին, ուստի էլ ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը»:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930