Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀՀԿ-ի երամից քիչ-քիչ դուրս մնում Վարդան Ղուկասյանը

Հունիս 17,2016 17:30

«Պահ-պահ-պահ, գիտեք, մի բան ասեմ: Նմանը զնմանին գտանե, ամեն մարդ իր երամն ունի, ամեն մեկն իր ընկերն ունի»,- Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում այսպես էր արձագանքել Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի՝ Սամվել Բալասանյանին աջակցելու մտադրության լուրին:

«Առավոտը» ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ՀՀԿ-ի երամից քիչ-քիչ դուրս թողեցիք Վարդան Ղուկասյանին: Նա նույնիսկ ասել է, որ «ոչ գիտեմ՝ դուրս եմ եկել ՀՀԿ-ից, ոչ գիտեմ՝ ներս եմ մտել»: Նա պատասխանեց. «Ես չէի ասի, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ի երամից դուրս է եկել: Նա մնում է ՀՀԿ անդամ, որեւէ նման խոսակցություն չի եղել: Ես համարում եմ, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ-ն տարիների ընթացքում է իր թիմը ձեւավորել»:

Մենք ճշտեցինք՝ բայց օտարվել է նա, չէ՞, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Չեմ ասի, որ օտարվել է, ուրիշ բան, որ մարզխորհրդի նախագահ էր, քաղաքապետ էր՝ ակտիվությունն այլ ձեւով էր դրսեւորվում, երբ որ հիմա չի աշխատում, կուսակցական ակտիվ աշխատանք չունի, բնական է, ինքը ավելի պասիվ դիրք է ընդունել: Բայց դա չի նշանակում, որ ինքը օտարվել է ՀՀԿ-ից կամ ՀՀԿ անդամ չէ»:
Մեր հարցին՝ ՀՀԿ-ն Սամվել Բալասանյանին սատարելո՞ւ է այս անգամ, Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ այս պահին նման որոշում չկա, դեռ քննարկում չի եղել:
Սուքիաս Ավետիսյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն էլ, ինքն էլ, որպես գյումրեցի, դժգոհ չէ Սամվել Բալասանյանի աշխատանքից. «Իհարկե, որոշ խնդիրների շուրջ ես իմ տեսակետներն ունեմ, բայց ընդհանուր առմամբ դժգոհ չեմ»:

Վարդան Ղուկասյանը վիրավորված է, որ ՀՀԿ-ն վստահեց Սամվել Բալասանյանին, որը մի քանի կուսակցություն է փոխել, ու անտեսեց իրեն, որը երկար տարիներ հավատարիմ ծառայել է, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ սա քաղաքական թիմերի ընտրություն է, ոչ թե անձի»:
Մեր հարցին՝ կարծիք կա, որ սովորաբար պաշտոններում դնում են մարդկանց, որոնք կարող են ընտրություններին լավ ձայներ ապահովել Սերժ Սարգսյանի համար, այս առումով Վարդան Ղուկասյանի ծառայությունները զիջո՞ւմ են Բալասանյանի ծառայություններին, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Վարդան Ղուկասյանը երկար տարիներ աշխատել է քաղաքապետ՝ ունենալով իր աշխատանքի դրական եւ բացասական կողմերը: Այնպես չի, որ ինչ-որ մեկը միայն բացասական է կամ միայն դրական: Ամեն մեկը փորձել է յուրովի իր ծառայությունը մատուցել ժողովրդին, որոշակի խնդիրներ լուծել քաղաքի համար: Չեմ ուզում ոչ մեկին ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել»:

 
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930