Լրահոս
Օրվա լրահոսը

Խեցեգործությունը երիտասարդ ճամբարակցիներին արտագաղթից հետ է պահում

Հունիս 17,2016 17:30

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում լավ գործ գտնելը դժվար բան է. համայնքում գործազրկության, զբաղվածության խնդիրը, հատկապես երիտասարդների համար, առաջնային է: Ճամբարակի, ինչպես Հայաստանի մյուս քաղաքների ու մարզերի երիտասարդները եթե հայրենիքում աշխատանք չեն գտնում, ապա ստիպված բռնում են արտագաղթի ճամփան. ոմանք ժամանակավոր են մեկնում արտերկիր աշխատելու, ոմանք՝ մշտապես:

Եթե երիտասարդներից ոմանց հաջողվում է տեղում՝ համայնքում, աշխատանք գտնել, ապա դա պայմանագրային զինծառայությունն է, մեկ էլ որոշներն էլ զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ:

Ճամբարակցի 28-ամյա Արշակ Արամյանը չունի բարձրագույն կրթություն. աշխատանք ու զբաղմունք հայրենի համայնքում չէր գտնում: Այս տարվա փետրվարից Արշակը ներառվել է Ճամբարակում գործող հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների շահերի պաշտպանության եւ ներառման «Աստղացոլք» հասարակական կազմակերպության խեցեգործության դասընթացներին: Արշակը, ինչպես ինքն է ասում, նկարչությունից հեռու էր, չէր էլ պատկերացնում, որ այդ դասընթացների ժամանակ այնպիսի հմտություններ ձեռք կբերի, որ աշխատանքները նաեւ վաճառքի կհանվեն:

Արշակն ասում է՝ «Աստղացոլք»-ում սովորել է նկարել, որեւէ նկարից արտանկարում է, լինում է՝ իր առջեւ դրված առաջադրանքին յուրօրինակ է մոտենում ու հետաքրքիր լուծումներ գտնում:

4-2
«Հայկական մոտիվներով աշխատելը ավելի հարազատ է ինձ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Արշակը: Իսկ խեցեգործությունը դարձել է նրա համար սիրելի զբաղմունք ու որոշակի գումար վաստակելու միջոց: Բացի այս, Արշակը մեկ այլ աշխատանք էլ է գտել՝ քաղաքում գործող միակ եւ բավական նորաձեւ սրճարանի մենեջմենթով է զբաղվում:

Ծնունդով ճամբարակցի, բայց երկար տարիներ Երեւանում բավականին եկամտաբեր աշխատանք ունեցող Իրինա Հովհաննիսյանը տարիներ առաջ որոշեց ծննդավայրում հիմնել «Աստղացոլք»-ը, ու հիմա ե՛ւ ինքն է բավականություն ստանում, ե՛ւ ճամբարակցիներին է օգուտ տալիս: Ի՞նչը ստիպեց թողնել մայրաքաղաքային կյանքը, բարձր եկամուտն ու սահմանամերձ Ճամբարակում հաստատվել՝ մեր այս հարցին Հովհաննիսյանը ժպտալով ասում է. «Ես եռակի անգամ քիչ եկամուտ ունեմ հիմա, չեմ փոշմանում, որ վերադարձել եմ Ճամբարակ: Ես նախընտրում եմ Ճամբարակին օգնել, այստեղի երեխաներին օգնել, աջակից լինել, նրանց համար լավ բան անել»:

Հ/կ-ի խեցեգործության դասընթացների կազմակերպման հարցում աջակցում է «Կլոր սեղան» հիմնադրամը: Այս դասընթացներով հետաքրքրված են 18-30 տարեկան ճամբարակցիները: Իրինա Հովհաննիսյանը պատմում է, որ խեցեգործության մեջ ներառվածներին իրենք պատվիրում են ինչ-որ բան պատրաստել, գինը սահմանում են հենց այն խեցեգործները, որոնք այստեղ սկսել են տիրապետել խեցեգործության հմտություններին ու շարունակում են զբաղված լինել այդ դասընթացներում: Հովհաննիսյանն ասում է, որ պատվերի հարցում նախապատվությունը տալիս են այն գնային առաջարկին, որը մյուսներից մի քիչ բարձր է, բայց սա բացառապես այն դեպքերում, եթե բարձր գին առաջարկողի ընտանեկան, սոցիալական պայմանները ծանր են: Մյուսներին չեն նեղացնում՝ ասում է Հովհաննիսյանը, բոլորի պատրաստած աշխատանքները հանում են վաճառքի:

Խեցեգործության խմբակը հիմնելիս Հովհաննիսյանը մի քիչ մտահոգություն ուներ՝ արդյոք ճամբարակցիները հետաքրքրված կլինե՞ն. «Սպասելիքներիցս ավելին եղավ արդյունքը, քանի որ խեցեգործությունը այնպիսի բան է, որ մարդը պետք է զգա կավը: Սա մեխանիկական աշխատանք չէ: Սկզբնական փուլում դասընթացներին 15 հոգի են մասնակցել, հիմա եւս 15 հոգի կմասնակցեն: Կարծում եմ, որ 30-ից 10-ը հաստատ լավ կյուրացնեն խեցեգործության արվեստը, որը մի քանի ամսվա սովորելու բան չէ: Ամեն անգամ նոր բաներ են սովորում: Մենք օգտագործում ենք տեղական հումքը»:

Իրինա Հովհաննիսյանի խոսքերով՝ «Մենք գովազդելու ենք ոչ միայն Հայաստանը, այլեւ այն համայնքները, որտեղ պատրաստվում ենք սպառել մեր արտադրանքը: Մենք հիմա չնայած ուսուցման փուլում ենք, բայց բավական մեծ նվաճումներ ունենք, եւ դրանից ես ավելի շատ եմ ոգեշնչվում»:

Խեցեգործության ծրագրում ներառված են նաեւ այն երեխաները, որոնք ավարտել են 9-րդ դասարանը եւ սոցիալական ծանր վիճակի կամ ցածր առաջադիմության պատճառով չեն ցանկանում շարունակել ուսումը:

13473694_905804886195776_651987101_n

Հովհաննիսյանն ասում է՝ հաշվի են առել հայաստանյան շուկան, դաշտում բավականին մեծ է մրցակցությունը. «Ուստի որոշել ենք մի փոքր այլ ճանապարհով գնալ, օրինակ՝ հանրահայտ նկարիչների կտավները կրկնօրինակում ենք կավի վրա: Այսպիսի բան առաջին անգամ հենց մեր կենտրոնում ենք փորձել»:
«Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը, ինչպես պատմում է Իրինա Հովհաննիսյանը, հիմնադրվել է 5 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի հետ, նախագահը Հովհաննիսյանն է: «Աստղացոլք»-ը՝ բացի այն, որ տեղացիների զբաղվածության խնդիրն է ինչ-որ չափով մեղմում, նաեւ տարածաշրջանում միակ կազմակերպությունն է, որը զբաղվում է նաեւ երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությամբ:

Կազմակերպությունը, ինչպես ասում է Հովհաննիսյանը, իրականացնում է ցերեկային խնամքի ծրագրեր, զարգացնում ծնողավարության դպրոցը, զբաղվում սոցիալական ձեռներեցությամբ, խթանում է նորարարական այլընտրանքային ծառայությունները տարածաշրջանում, նաեւ փորձում ստեղծել ներառական մանկապարտեզ:

«Մենք ունենք մոբիլ մանկապարտեզների համակարգի գաղափար, որը հատուկ ուղղված է այն բանին, որ փոքրաթիվ համայնքներում, գյուղական համայնքներում ապահովվի երեխաների նախադպրոցական կրթությունը»,- նշում է Իրինա Հովհաննիսյանը: Ծնողավարության դպրոցի միջոցով էլ ծնողներին, կարելի է ասել՝ կրթում են, սովորեցնում են երեխաներին զերծ պահել բռնություններից. հաճախ ծնողներն էլ չեն գիտակցում, որ մի ապտակը կամ կոպիտ վերաբերմունքը եւս բռնություն է երեխայի հանդեպ, ու դա կարող է վատ հետեւանք թողնել փոքրիկների հոգեբանության վրա: Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հաշմանդամություն ունեցող 47 երեխաներ պարբերաբար տարբեր ծրագրերի շրջանակներում հաճախում են այս կենտրոն, կան նաեւ երեխաներ, որոնք չունեն հաշմանդամություն, բայց առողջական որոշ խնդիրներ ունեն, կենտրոնի տարբեր ծրագրերում են ներգրավված ճամբարակցի 40 երիտասարդներ:
Հովհաննիսյանն ասում է՝ հիմա արդեն «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության հետ մի ծրագրի վրա են աշխատում, որի միջոցով պայքարում են սեռով պայմանավորված խտրականության դեմ. «Պատրաստելու ենք մագնիսներ, որի համար նախապես երեխաներից հավաքել ենք գրառումները` «քույրիկ եմ ուզում», եւ փորագրած է լինելու աղջիկ: Այս գործում դպրոցական երեխաների ենք ներգրավել՝ ե՛ւ նկարելու, ե՛ւ գրառում անելու համար»:

Քաղաքի միակ ու յուրօրինակ սրճարանն էլ հիմնվել է «Աստղացոլք» հասարակական կազմակերպության կողմից: «Քաղաքում ավելի շատ սրճարան այցելելու մշակույթի ձեւավորման կարիք ունենք: Այցելուներն էլ դեռեւս հիմնականում դպրոցահասակ երեխաներ են»,- ասում է Իրինա Հովհաննիսյանը ու հավելում, որ այս սրճարանը շատերի համար արդեն սիրելի վայր է:

Հիշեցնենք, որ լրագրողների այցը Գեղարքունիքի մարզ կազմակերպել էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը:

 

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930