Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակոռումպացված 3 ոլորտներից 1-ը առողջապահական հիմնարկներն ու ծառայություններն են»

Հունիս 17,2016 17:00

Օրերս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ծավալուն զեկույց է հրապարակել, որը վերաբերում է առողջապահության ոլորտին:

Ուսումնասիրությամբ գնահատվել են կոռուպցիոն ռիսկերը՝ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում:
Ըստ հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցի՝ չնայած առողջապահության ոլորտում 1993-ից իրականացվող բարեփոխումներին, դեռեւս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, այդ թվում՝ առողջապահական ծառայություններում կոռուպցիոն տարբեր ռիսկեր:

«Առողջապահության համակարգի բարեփոխումների ընթացքում սրվեցին համակարգի կառավարման, ֆինանսավորման, բժշկական ծառայությունների որակի հետ կապված խնդիրները՝ առողջապահական հավասար հնարավորությունների եւ ծառայությունների մատչելիության, սոցիալական արդարության ապահովման, որակի գնահատման չափորոշիչների եւ նորմատիվների կանոնակարգման, բժշկատնտեսագիտական չափորոշիչների հստակեցման եւ ներդրման հիմնախնդիրները, որոնք իրենց հետ բերեցին նաեւ կոռուպցիոն ռիսկերի վտանգ: Ավելին, մինչ օրս ամբողջությամբ արմատախիլ չեն արվել դեռեւս խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող «ոչ պաշտոնական» վճարումների սովորույթները»,- նշված է զեկույցում:

Զեկույցում մեջբերված է նաեւ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ)` կոռուպցիայի նկատմամբ հանրության վերաբերմունքը եւ կոռուպցիոն երեւույթների հետ շփման նրանց փորձը արտահայտող ցուցանիշները: Օրինակ՝ 2013-ին 1,068 անձանց շրջանում անցկացված հարցման մեջ ընդգրկված հաստատություններից, ոլորտներից որպես ամենակոռումպացված 3 ոլորտներից մեկը ընկալվել են հենց առողջապահական հիմնարկություններն ու ծառայությունները: Ըստ հարցման տվյալների՝ պատասխանողների 66%-ը բժշկական եւ առողջապահական ծառայությունները համարել է կոռումպացված եւ ծայրահեղ կոռումպացված:
Զեկույցի համաձայն՝ պարզ չեն անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ենթակա հիվանդությունների եւ վիճակների ցանկերի որոշման չափանիշները:
«Վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացած հիվանդների հետ անցկացված հարցումներից պարզվեց, որ նրանցից ոմանք որպես համավճար մուծումներ են կատարել բժշկական կազմակերպության դրամարկղում՝ այն դեպքում, երբ համաձայն թիվ 318-Ն որոշման՝ համավճարը չի տարածվում որոշմամբ հաստատված վերակենդանացման միջոցառումներ պահանջող հիվանդությունների եւ վիճակների վրա: Նման իրավիճակը հնարավոր է, երբ վերակենդանացման կարիք ունեցող հիվանդի հիվանդությունը որակվում է որպես շտապ անհետաձգելի դեպք, պատմագիրը բացվում է դրան համապատասխան, եւ բուժման դիմաց համապատասխանաբար գանձվում է սահմանված համավճարը: Մինչդեռ եթե դեպքը վերակենդանացման միջոցառումներ պահանջվող գնահատվեր, ապա տրամադրվող բուժօգնությունը պիտի լիներ անվճար»,- գրված է զեկույցում:

Մի շարք բժշկական կազմակերպությունների բժիշկների հետ իրականացված ֆոկուս-խմբային քննարկումներից պարզվել է, որ անհետաձգելի վիճակների եւ հիվանդությունների գործող ցանկի անկատարությունը բուժաշխատողների համար երբեմն ստեղծում է հնարավորություն՝ սակարկելու իրավիճակը եւ մեկ գրչի հարվածով որոշելու՝ հիվանդը պե՞տք է բուժումը ստանա պետպատվերի շրջանակներում, թե՞ ոչ: Ըստ կենտրոնի՝ հիվանդության պատմագրերի հարմարեցումը նշված ցանկին պետական պատվերով բուժօգնության դեպքերի արհեստական ավելացման (հավելագրումների) լայն հնարավորություններ է բացում՝ ստեղծելով լուրջ կոռուպցիոն ռիսկեր:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930