Լրահոս
Օրվա լրահոսը

Մարատ Կոստանյան. «Դատախազն ինքնամեկուսացվել է եւ հրաժարվում է անդրադառնալ օրենքների խախտումներին»

Հունիս 17,2016 16:30

Վերաքննիչ քրեական դատարանը դատական դռնբաց նիստի ժամանակ անդրադարձավ Ս.Պ.-ի բողոքին, ապրիլի 15-ի որոշմամբ դատախազությանը պարտավորեցնելով, որպեսզի վերացվի Ս.Պ.-ի իրավունքների եւ պարտականությունների խախտումը:

Ս. Պ.-ն հանդես էր եկել հաղորդմամբ, տվել էր բուժհաստատություններից մեկի բժիշկների անունները, որոնք, ըստ նրա, տարիներ առաջ մոլորեցրել են իրեն՝ անչափահաս մորը, ծննդաբերելուց հետո ասել են, թե նորածինը չի ապրի, քանի որ հիվանդ է, որ քրեական գործ կհարուցվի մոր նկատմամբ: Հետագայում Ս. Պ.-ն իմացել է, որ իր երեխան որդեգրվել է, ըստ էության՝ «վաճառվել»: Հատուկ քննչական ծառայությունը, ուր մի քանի հետաքննչական եւ նախաքննական մարմիններից հետո հանգրվանել էր այս քրեական գործը, ըստ բողոքաբեր կողմի, այդպես էլ առերեսում չանցկացրեց իրեն տուժող համարող մոր եւ բժիշկների միջեւ, չհիմնավորվեց, թե ինչու առերեսում չի անցկացվում, ինչպես եղավ, որ կասկածյալ բժշկի մոտ հայտնաբերվեց կենսաբանական մորը թելադրած «երեխայից հրաժարվելու մասին» գրությունը, որը ցույց էր տրվել քննիչին: Ըստ բողոքաբեր կողմի, քննչական գործողություններ չեն կատարվել որդեգրման օրինականության հիմքերը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելին, փաստաբանը չի ունեցել այդ ամենին առնչվող փաստաթղթերի մատչելիության հնարավորություն, պատճառաբանել են, թե կա «որդեգրման գաղտնիք», մինչդեռ կասկածյալ բժիշկների մոտ եղել է թաղապետարաններից մեկի կողմից տրված որդեգրման որոշումն ու ակտը:

Քրեական գործ չէր հարուցվել: Կենսաբանական մայրը բողոքարկել էր քննիչի որոշումը, դիմել էր գլխավոր դատախազություն:

Գլխավոր դատախազությունը համարել էր, որ Ս. Պ.-ի շահերը ներկայացնող փաստաբանը՝ Մարատ Կոստանյանը, ուշացել է, բողոք բերելու ժամկետը բաց է թողել, մերժել էր քննիչի որոշման դեմ բերված բողոքը:
Ս. Պ.-ի բողոքը վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մասնակի, դատավոր Ս. Համբարձումյանն ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա, որ տեխնիկական բնույթի խոչընդոտները չեն կարող մարդուն զրկել իր իրավունքների պաշտպանությունից:

«Առավոտի» տեղեկություններով՝ Մ. Կոստանյանը դիմել էլ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, տեղեկացնելով, որ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ պարտավորեցրել է, որպեսզի «վարույթն իրականացնող մարմինը վերացնի Ս. Պ.-ի իրավունքների եւ պարտականությունների խախտումը»:

Ըստ Մ. Կոստանյանի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե որոշման բողոքարկման ժամկետը մեր կողմից բաց է թողնվել 2-3 օրով, ապա նույն դատախազը մեր բողոքի հարցը լուծելու իր գործառույթը կետանցել է ու դրան անդրադարձել 6 ամիս հետո, այն էլ վերաքննիչ քրեական դատարանի պարտադրմամբ, մինչդեռ պարզ էր, որ դատախազը պետք է մի կողմ դներ ժամկետների խախտման վաղուց բովանդակազուրկ եւ անիմաստ հանգամանքը, եւ ձեւական մոտեցման փոխարեն՝ բողոքը քններ ըստ էության: Նման պայմաններում չարչարվելու եւ 2-3 օրվա կետանցման հանգամանքները բողոքն առանց քննության թողնելու մասին վեց էջանոց որոշում կայացնելը նման է դառը զավեշտի, սակայն լիովին տեղավորվում են հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով դատախազության եւ նախաքննության մարմնի դրսեւորած համառ դիմադրողականության ենթատեքստում, նաեւ վկայում է, որ դատախազն ինքնամեկուսացվել է, փաստորեն հրաժարվում է անդրադառնալ օրենքների խախտումներին»:

Փաստաբանը խնդրում է բողոքն ընդունել վարույթ:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանն այս տարվա մայիսի 10-ին «Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու ժամկետի կետանցը հարգելի համարելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը մերժելու մասին» որոշում է կայացրել:
Ըստ փաստաբան-ներկայացուցչի, գլխավոր դատախազի տեղակալի որոշման առաքման ծրարի եւ փոստային հետադարձ ծանուցագրի թվագրումների, այն ուղարկվել է մայիսի 23-ին, իսկ փաստաբանին հասել է մայիսի 25-ին: Այս կապակցությամբ Մ.Կոստանյանն «Առավոտին» ասաց. «Այն բողոքարկելու համար նախատեսված 1-ամսյա ժամկետը լրանում է մայիսի 25-ին, ինչը նշանակում է, որ իմ բողոքը բերված է սահմանված ժամկետում, իսկ դրա ներկայացման կետանցումը կրում է տեխնիկական բնույթ»:

Այս գործում կան իսկապես տարօրինակ հանգամանքներ: Հանցագործությունը վաղեմություն չի ճանաչում:

Մասնավորապես, դեռ գնահատական չեն տրվել երեխայի վաճառք-որդեգրում գործարքի մանրուք թվացող մի քանի հարցերին. եթե մայրը իր երեխայից հրաժարվելու մասին գրություն է գրել, ինչպես էր, որ այդ գրությունը, որը մեկ օրինակից է, քննիչի մոտ չէր, այլ բժշկի, ինչու տարիներ շարունակ այն չի առգրավվել:

Ծննդաբերության ժամանակ անչափահասը գտնվել է միայնակ, առանց օրինական ներկայացուցչի, գտնվել է առանց իրավական, հոգեբանական օգնության, նրա «հրաժարականը» իրավազուրկ էր, իրավաբանական ուժ չէր կարող ունենալ, որպեսզի դրվեր որդեգրման որոշման հիմքում:

Քննության ժամանակ Ս. Պ.-ն բազմիցս հայտարարել է, որ բժիշկներն իրենից գումար են պահանջել, որպեսզի ներկայացնեն որպես չափահաս:
Ինչպես է, որ որդեգրման որոշումը թաղապետարանում չի գտնվել, ինչի հիման վրա է քննիչն արձանագրել՝ «որդեգրման հիմքերը պահպանված չեն եղել»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174 հոդվածի համաձայն՝ ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում:

Հիմա ինչ. առաջնորդվել բողոքը 2-3 օր ուշացնելու պատճառով գործը չբացահայտելո՞ւ, թե՞ օրենքով սահմանված կարգով հանցագործության շրջանակները բացահայտելու կամքով ու ցանկությամբ:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930