Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային փոքրամասնություններին տրված մանդատը երբեք թափուր չի մնա

Հունիս 17,2016 16:00

Հավատացեք, ոչ ոք չի գա եւ ցավով չի ասի, որ պետք է իդեալական ընտրություններ անցկացնենք, բացառենք ընտրակեղծարարությունը եւ ապահովենք կատարյալ ընտրություններ: Եթե մենք մեզ չվստահենք, չհավատանք:

Այսօր, երբ միջազգային անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ, միայն մենք ենք պարտավոր կատարել ազատ, արդար, թափանցիկ եւ արժանահավատ ընտրություններ: Նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ կարելի է ասել՝ օրենսգրքի ամեն մի կետ դարձավ քննարկման առարկա, որովհետեւ կողմերը շահագրգռված էին հայտնաբերել եւ փակել այն բոլոր բացերը, որոնք ընտրողին կամ կուսակցություններին թույլ կտար կեղծել ընտրության արդյունքները: Դիմեցին եվրոպական ընտրական փորձին, «Ընտրական օրենսգրքի» նախագիծը ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, հաշվի առան նրանց խորհրդատվությունները: Ամեն ինչ արվեց, որ գոնե այս ընտրությունից հետո կողմերը չհայտարարեն, թե ընտրությունները կեղծվել են եւ ցանկանան արդյունքները վիճարկել:

Արդյոք միայն Ընտրական օրենսգրքով հնարավո՞ր է կատարել իդեալական ընտրություններ եւ երաշխավորել ընտրության արդյունքների վստահելիությունը: Իհարկե, այն շատ կարեւոր է, բայց մենք պետք է համախմբվենք եւ դա համարենք մեր յուրաքանչյուրիս խնդիրը: Կանգնենք միմյանց կողքին եւ կատարենք արդարացի ընտրություններ: Կեղծողը պետք է համոզված լինի, որ նա անպայման կենթարկվի պատասխանատվության եւ կարժանանա հանրության հակակրանքին: Ոչ ոք, այդ թվում ընտրական հանձնաժողովի անդամը չպետք է մտածի, որ հնարավոր է՝ իր օգտին կամ որեւէ կուսակցության օգտին կարող է կեղծիքներ անել: Հավատացեք, մենք կարող ենք արդարացի ընտրություններ կատարել: Կարեւորը խոսքի եւ գործի համատեղելիությունն է: Պետք է վերջ տրվի անվստահության մթնոլորտին, միմյանց մեղադրելուն, բացը լրացվի միմյանց փոխադարձ հասկանալու եւ սխալները շտկելու կամք ցուցաբերելով: Կարեւորը, որ ոչ ոք չմտածի, որ ընտրությունները հերթական անգամ կկեղծվեն, այլ գիտակցի, որ ընտրակեղծիքները վնաս են նաեւ իրեն: Մենք պետք է ափսոսանք, որ ժամանակին ընտրակեղծիքների դեմ պատշաճ պայքար չկարողացանք տանել, եւ այդ «չարիքը» մտավ մեր կյանք:

Այսօր նոր Ընտրական օրենսգրքով, մեր ավանդույթներով մենք պետք է կազմակերպենք ազատ, անկախ եւ թափանցիկ ընտրություններ: Եվ այդ օրը հեռու չէ, ցանկացած պայմաններում էլ ընտրությունը միշտ կա, միայն պետք է վերջ տրվի տարբեր հայտարարություններին, ամպագոռգոռ խոսելուն, կա քաղաքական կամք՝ հարկավոր է իրագործել: Հավատացեք, ամենակատարյալ օրենքն իսկ կարելի է խախտել, եթե չկա վստահություն, չկա ավանդույթի ուժ, չկա նորմալ ընտրություններ կազմակերպելու սովորություն ու կամք: Հավատանք միմյանց եւ այսուհետ ընտրություններից հետո թող հետընտրական ցույցեր չլինեն, մեկը մյուսին չմեղադրի ընտրակեղծարարության մեջ: Այլ այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ բոլորս ընդունենք ընտրության արդյունքների օրինականությունը: Իշխանությունների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության միջեւ լայն կոնսենսուսի հիման վրա:

Նոր օրենսդրությամբ լուծվեց նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մեր խորհրդարանում ընդգրկելու հարցը: ՀՀ Սահմանադրության համաձայն, Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանված է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդ վերջին մարդահամարի տվյալներով, առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող, առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ես գտնում եմ, որ տվյալ նորմը պետք է պարտադիր լինի եւ հավատացած եմ, որ ցանկության դեպքում ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ռեալ կարող է իր ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկել 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Եվ վստահ եմ, որ ազգային փոքրամասնություններին տրված մանդատը երբեք թափուր չի մնա: Մեր հանրապետության ղեկավարության եւ հայ ժողովրդի առավել ուշադրությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ կերաշխավորվի եւ կհաստատվի նաեւ մեր խորհրդարանում: Այն օգնող, օժանդակող կարող է լինել եւ ոչ մի դեպքում չի խանգարի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն խորհրդարանները, որոնցում իսկապես արտացոլված են հասարակության բազմազանությունը, մշակվում է ողջ հասարակության կարիքներին ավելի համապատասխան քաղաքականություն եւ միմիայն նպաստում է ժողովրդավարությանը: Եկել է հետեւություններ անելու ժամանակը եւ ընտրություններով լավագույն իրավիճակին հասնելու ժամանակը: Հավատացած եմ, որ 2017թ. խորհրդարանում իրենց տեղը կգտնեն հիմնականում չվարկաբեկված, գրագետ, կիրթ եւ պարկեշտ անձինք: Կկատարվի հասարակության պահանջը եւ որակի լուրջ փոփոխությունների, եւ արդարացի ընտրություններ անցկացնելու առումով: Իսկ արմատական փոփոխություններն ինքնանպատակ չեն լինի:

Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար: Ուրեմն հավասար ընտրական իրավունքներով կատարենք մեր վստահությունը ներշնչող ազատ, արդար, թափանցիկ եւ արժանահավատ ընտրություններ: Եվ թող ոչ մեկի մտքով անգամ չանցնի կասկածել, որ հաջորդ ընտրությունները կարող են կեղծվել: Վստահաբար կարող եմ ասել, որ նոր Ընտրական համակարգում մասնակցությունն անիմաստ եւ անտեղի չի լինի:
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ

 

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930