Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գաղափարներս իրականանան, շրջապատված լինեմ բարի կամեցողներով»

Հունիս 17,2016 14:30

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նշում է ծննդյան օրը

Հունիսի 16-ին ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նշում է ծննդյան օրը: «Առավոտն» այդ առիթով զրուցեց վարպետի հետ:
Լեւոն Թոքմաջյանն ասաց, որ իր ամենամեծ ցանկությունն է, որ 2017-ին ավարտի Մոնթե Մելքոնյանի արձանը՝ նվիրված հերոսի ծննդյան 60-ամյակին: «Իմ էլ 80-ամյակն է լինելու, այսինքն՝ երկու հոբելյաններ կլինեն: Արդեն երկրորդ տարին է՝ աշխատում եմ Մոնթեի արձանի վրա:

Հատկապես այս օրերին ինձ համար շատ կարեւոր է հայրենասիրական թեման: Զուգահեռ աշխատում եմ նաեւ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կերպարի վրա, քանդակը կտեղադրվի Կրպեյանի անվան այգում, տեղն էլ հաստատված է»,- նշեց մեր զրուցակիցը: Քանդակագործը հավելեց, որ կարեւոր է տեսնել ու քարոզել իրական հերոսների, որոնց կցանկանան նմանվել երիտասարդները: Հետաքրքրվեցինք՝ որն է ծննդյան առիթով երբեւէ ստացած ամենատպավորիչ նվերը: Մաեստրոն այդ մասին չցանկացավ խոսել: Ասաց, որ ամենամեծ նվերն այն կլինի, որ գաղափարները իրագործվեն, մարմին առնեն ու շրջապատված լինի բարի կամեցողներով: Գոհ է, որ զավակներն արվեստի ճանապարհով են գնացել, ասում է՝ դա ստիպողաբար չի եղել, արվեստանոցում աշխատելիս տեսել են ու ցանկացել ընտրել այդ ուղին: Ժամանակին ինքն էլ ներկարար հորն է ուշիուշով հետեւել, պապն էլ ձուլագործ է եղել: Կարճ ասած՝ նրա համոզմամբ՝ հավանաբար գեներով է փոխանցվել: Լեւոն Թոքմաջյանի հորաքույրը երգչախմբում է երգել, ասում է՝ երբեք մտքով չէր անցնի, թե ինքն էլ կերգի երգչախմբում, այն էլ Հայաստանի պետական ակադեմիական:

Իր համար ամենատպավորիչ դրվագները կապված են հենց այն տարիների հետ, երբ երգել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում` մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ:

«Հյուրախաղերը, մարդկանց հետ շփումները, բեմից մարդկանց դեմքերին նայելն ու հույզերը կարդալը ինձ վրա շատ են ազդել: Այդ ամենն արտացոլվել է քանդակներիս մեջ: Ինչ վերաբերում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար մաեստրո Չեքիջյանին, նա ինձ համար աստվածային մարդ է: Մի առիթով ինձ հարցրին՝ ո՞վ է եղել քո քանդակի ուսուցիչը, ասացի՝ իմ քանդակի ուսուցիչը Հովհաննես Չեքիջյանն է, զարմացան: Ես փոխաբերական իմաստով եմ ասել՝ որպես նրանից շատ բան սովորած մեկը: Մաեստրոն ինձ տվեց այն ամենը, ինչ ես 11 տարի սովորելու ընթացքում չեմ ստացել, այսինքն՝ արվեստի հետ շփվել, գործին հոգի եւ զգացմունք հաղորդել»,- ասում է Լեւոն Թոքմաջյանը: Երիտասարդ քանդակագործներին էլ խորհուրդ է տալիս փողի հետեւից շատ չընկնել: Ափսոսում է, որ այսօր քանդակագործությունը դարձրել են զուտ փող աշխատելու միջոց. «Չեմ էլ մեղադրում, ընտանիք պահելու հարց կա, բայց նաեւ պետք է արվեստի նշաձողը բարձր պահել, թե չէ հիմա տեսնում ենք ինչ քանդակներ են դրվում՝ անկենդան, անհոգի»:

Քանդակագործը յուրօրինակ հավատացյալ է, ասում է. «Աստվածաբանությունից բան չեմ հասկանում, բայց հավատում եմ իմ Աստծուն: Հոգուս մեջ մեկը նստած է, շարունակ հետեւում է իմ գործունեությանը, ես անընդհատ նրա հետ եմ զրուցում, եւ դա անբացատրելի գեղեցիկ երեւույթ է»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է
Լեւոն Թոքմաջյանը:

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930