Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԵԼՈՒԿ

Հունիս 17,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ երեսունյոթերորդ

ՀԱՆԵԼՈՒԿ

Եվ ես նորից ուշադիր նայեցի դիմանկարիս  եւ նորից ֆոնին արտառոց որեւէ բան չնկատելով՝ Վարուժին նեղսրտած ասացի՝ «սպանեցիր. դե ասա՝ ի՞նչը չեմ նկատում», եւ Վարուժն ուշադիր նայեց դիմանկարիս, հետո նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «չես նկատում էն՝ ինչը որ աշխարհում առաջինը դու պիտի նկատեիր», եւ ես նորից դիմանկարիս ֆոնը զննելով ու որեւէ բան չնկատելով՝ նեղսրտած  հարցրի՝ «իմ հետ ա՞ կապված», եւ Վարուժը փռթկացնելով հարցրեց՝ «ի՞նչն ա քո հետ կապված», եւ ես  նեղսրտած ասացի՝ «էդ՝ որ պիտի նկատեմ, իմ հետ ա՞ առնչվում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էն էլ ո՜նց ա առնչվում», եւ ես նեղսրտած հարցրի՝ «ո՞նց ա առնչվում», եւ Վարուժը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ուղղակիորեն» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «միանգամայն անմիջականորեն», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝ «բան ասա՝ բան հասկանանք», եւ Վարուժը բավական մոտիկից նայեց դիմանկարիս  շագանակագույն ֆոնին, հետո նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «ասե՞մ, թե՞ մի քիչ էլ կմտածես», եւ ես  նայեցի դիմանկարիս ու ասացի՝ «ասա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «չես ուզում ինքնուրույն մտածես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չես ուզում էս պարզագույն հանելուկի պատասխանն ինքնուրույն գտնես», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝ «հանելուկներ լուծելու սեր չունեմ», եւ Վարուժը հարցրեց՝ «բա ինչի՞ սեր ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես եմ սիրում ուրիշներին հանելուկներ առաջարկել», եւ Վարուժը ժպտալով ինձ ասաց՝ «դե ինձ մի հատ հանելուկ առաջարկի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես հանելուկ ու խնդիր լուծելուց շատ ուժեղ եմ»,  եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «կյանքումս ֆիզիկայի կամ մաթեմատիկայի խնդիր լուծած չկամ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր դասարանում ֆիզիկայի ու մաթեմատիկայի ամենաբարդ խնդիրները ես էի լուծում», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞նց էղավ, որ նկարիչ դարձար», եւ Վարուժը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «ֆիզիկայի ու մաթեմատիկայի դասատուներս քանի տարի հետս խռով էին, որ իրանց առարկաների գծով չշարունակեցի» եւ մի քիչ էլ  մտածեց ու ավելացրեց՝ «գրականության դասատուս էլ էր նեղացել, որ գրականության ու բանասիրության գծով չգնացի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «գրականության գծով չես գնացել, բայց էրկու գրքի հեղինակ ես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ի տարբերություն քեզ, ես համ արձակ գիրք եմ տպել, համ՝ բանաստեղծությունների», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ արձակ գիրք ես տպել», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ «Մինասի վերադարձը» բանաստեղծություն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հուշագրություն ա», եւ Վարուժն ասաց՝ «ավելի արձակ ա, քան՝ հուշագրություն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի ճիշտ ես ասում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ընդհանրապես սխալ բաներ չեմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «բայց էդ ասածս ոչ թե իմ կարծիքն ա, այլ՝ Հրանտի» եւ ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «Հրանտն ա ասում, որ «Մինասի վերադարձն» ավելի շատ արձակ ա, քան՝ հուշագրություն», եւ ես ասացի՝ «շատ ճիշտ ա ասել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրանտը հազարից մեկ ա սխալ բան ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հազարից մեկ էլ չի ասում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասել ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա ասել», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «սխալ բան», եւ ես հարցրի՝ «ի՞նչ սխալ բան ա ասել», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «ասել ա, որ իրա պորտրետը հաջող չի ստացվել», եւ ես  իմ դիմանկարին  նայելով՝ ժպտացի ու ասացի՝ «վերադառնանք իմ պորտրետին», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «ինչքան էլ քո պորտրետին վերադառնանք, մեկ ա՝ հանելուկս չես կարենալու լուծես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930