Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ընդդիմությանը ոչ ոք չէր լիազորել կիսաճշմարտության տակ ստորագրել»

Հունիս 16,2016 23:58

«Մենք 5 կետերը ամբողջության մեջ էինք տեսել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված «4+4+4» ձեւաչափի հայտարարությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ ընդդիմադիր ուժերը տարբեր առաջարկներ ունեին, սակայն այդ 5 կետերը բոլորի առաջարկությունների մեջ առկա էին: Ըստ նրա, ընդդիմության ներկայացրած 5 կետերը  միասնական մեկ ամբողջ առաջարկ էին, որը պետք է ապահովեր մեկ ընտրող, մեկ ձայն, մեկ քվե համակարգը:

«Ցավում եմ, բայց ընդդիմադիր գործընկերները չպետք է գնային այդ քայլին: Բայց մյուս կողմից էլ, ըստ էության, այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ ստորագրություն տվեցին այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այս կամ այն ժամանակ եղել են իշխանության մեջ: Այդտեղ չկար մի քաղաքական ուժ, որը երբեւիցե չի եղել իշխանության մեջ, բոլորը կային, եւ բոլորի ժամանակ էլ ընտրությունները, ցավոք սրտի, կեղծվել են: Ցավում եմ, կարծես դա Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կոնսոլիդացիայի տպավորությունը նաեւ թողեց: Ցավում եմ, որ այդպիսին է իրավիճակը»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Արմեն Մարտիրոսյանի մոտ հարց է առաջանում, եթե կոնսոլիդացիա չկար, ապա ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը ստորագրեցին այդ հայտարարությունը. «Չէ՞ որ այդ ստորագրությունը արդեն կոնսոլիդացիայի տպավորություն է թողնում, եւ ջան-ջիգյարը չակերտավոր, որ տեղի էր ունենում վերջում, իհարկե՛, դրա շրջանակում է երեւալու: Կարծում եմ՝ ակնհայտ էր, որ որեւէ ստորագրություն դնելը ինքնանպատակ չի եղել, ուրեմն՝ ինչ-որ այլ հետին նպատակներ են ունեցել կողմերը: Իմիջիայլոց, այդ ձեւաչափը պատվիրակված ձեւաչափ էր, հասարակական ոչ բոլոր ուժերն են մասնակցել, օրինակ՝ Արեւելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմը, որ կար 200-ից ավել հասարակական կազմակերպություններ է իր մեջ ներառում, եւ իրենք այդ հինգ կետերին աջակցություն էին ցույց տվել:

Կային ուժեր, որոնք ընդդիմադիր դաշտի խորհրդարանական ուժեր չեն, բայց իրենք եւս աջակցություն են ցույց տվել, այսինքն՝ դուրս է գալիս՝ այդ մարդիկ պատվիրակել էին քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք մասնակցում էին բանակցություններին, բացառապես 5 կետերի ամբողջությամբ ընդունման շուրջ եւ առանց ձեւափոխումների: Որովհետեւ այն ձեւափոխումները, որոնք կատարվել են, ես, ճիշտն ասած, ամբողջովին չեմ հասցրել ուսումնասիրել՝ ինչ մեխանիզմներ են տակը դրվել, բայց, քանի որ պառավը գիտուն չէ, բայց գլխով շատ է եկած, հասկանալի է, որ իշխանությունները ինչ-որ մեխանիզմ են տակը դրել»:

Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, որ ընդդիմությանը ոչ ոք չէր լիազորել կիսաճշմարտության տակ ստորագրել. «Արդարությունը կիսատ չի լինում, մենք ուզում ենք արդար ընտրական գործընթաց լինի՝ ազատ, արդար, թափանցիկ: Արդարությունը, ճշմարտությունը կա՛մ լինում է, կա՛մ չի լինում: Այս պարագայում կոնսենսուսի հասնելու խնդիր, ըստ էության, չի կարող լինել»:

Նա հավելեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը հունիսի սկզբին հայտարարություն է տարածել, որ իրենց համար ընդունելի կլինի այդ հինգ կետերի ամբողջական ընդունումը. «Իսկ երբ որ դա չկա, մեզ համար անընդունելի է այն գործընթացը, որը տեղի ունեցավ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930