Լրահոս
Օրվա լրահոսը

4+4+4 ձեւաչափով բանակցություններն, ի վերջո, ավարտվեցին փոխհամաձայնությամբ

Հունիս 16,2016 23:03

«Ստորագրեք, ստորագրեք, սա ձեր իշխանության գալու փաստաթուղթն է»,-այսօր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի դահլիճում այսպես կատակեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, երբ ընդդիմության ներկայացուցիչները ստորագրում էին նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ երեկոյան ժամը 9-ին: Մինչ բուն գործընթացին անցնելը կողմերը  ողջունեցին, որ 4+4+4 ձեւաչափով բանակցություններն, ի վերջո, ավարտվեցին  փոխհամաձայնությամբ:

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենց համար ի սկզբանե շատ կարեւոր է եղել քաղաքացիական հասարակության մասնակցությունը գործընթացին. «Ես կարծում եմ, որ 4+4+4 ձեւաչափով բանակցությունների հաջող ավարտի համար բավականին մեծ գործ արեց եւ մեծ դեր խաղաց քաղաքացիական հասարակությունը….: Կարծում ենք, որ սա, առանց չափազանցության, կարելի է համարել պատմական իրադարձություն»: Ըստ պարոն Զուրաբյանի, այս համաձայնագրով ամուր հիմք է դրվում, որպեսզի 2017-ին ունենանք ազատ եւ արդար ընտրություններ:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով. «Որեւէ ամենաիդեալական օրենք չի լուծելու բացարձակ բոլոր հարցերը, եթե չկա քաղաքական կամք՝ ազատ արդար ընտրություններ անցկացնելու»:

Տիկին Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, որ ատելությունը, քաղաքական անհանդուրժողականությունը, բանավեճի որակն իջեցրել են «ամենացածր  մակարդակի եւ շատ վտանգավոր աստիճանի է այն հասել»: Ըստ նրա, մեր քաղաքական մշակույթում «աղանդավորականություն էր նկատվում»:

«Փոխզիջման գալու այս փորձը շատ գնահատելի եմ համարում, որովհետեւ առջեւում մենք շատ լուրջ փորձություններ ունենք եւ մենք պիտի կարողանանք թեկուզ փոքր հաջողությամբ գնալ առաջ: Սա նաեւ կուսակցությունների կայացման համար շատ կարեւոր քայլ ենք անում, եւ պետք է օրինակ լինի մնացած քաղաքական ուժերի համար: Փոխզիջում չի նշանակում կապիտուլյացիա, սեփական սկզբունքներից հրաժարվել, ինչ-որ սկզբունքների դավաճանություն: Փոխզիջում նշանակում է հնարավոր կոմպրոմիսների միջոցով լավագույն լուծումները գտնել»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի համար կարեւոր էր, որ կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել քննարկելու եւ լուծումներ գտնելու ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները մինչեւ ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումը համացանցով տեղեկացնելու վերաբերյալ:
«Նորամուծության կարեւոր էլեմենտ է նաեւ ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումը: Ցանկացած տեղամաս, եթե ուղիղ հեռարձակվում է, օբյեկտիվը տեսնելուց ցանկացած ընտրակեղծարար կզգաստանա եւ չի գնա այդ քայլին»,-ասաց
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն չէր հիշում մի դեպք, որ ԱԺ-ն ներկայացնող բոլոր քաղաքական ուժերը համաձայնության գան այնպիսի կարեւոր փաստաթղթի հետ կապված, ինչպիսին սա էր. «Ներդրել ենք ամեն ինչ, որ  հասնենք այսպիսի արդյունքի: Ես ցավում եմ, որ նրանք, որոնք մասնակից չեն, չեն կիսում այս հաջողությունը…..: Ես կարծում եմ, որ այն բոլոր հարցերը, որոնք մենք բարձրացրել ենք երկար տարիներ, չասեմ տասնամյակներ, մի զգալի մասը, դրանց լուծման, ես այստեղ տեսա: Սա համարում եմ ամենամեծ ձեռքբերումն ու հաջողությունը»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ, եթե երկիրը գնում է խորհրդարանական կառավարման ձեւին, ապա պետք է սովորեն համատեղ աշխատել:

Հիշեցնենք, որ ընդդիմության կողմից առաջարկվող 5 կետերն են՝ հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրած ցուցակները, ընտրական ընտրացուցակներից հանել Հայաստանից բացակայող անձանց անունները, ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ եւ ապահովել ուղիղ հեռարձակում, թանաքոտել քվեարկությանը մասնակցող անձանց մատները, ինչպես նաեւ ամրագրել կետ, որ ԱԺ ընտրությունները պետք է լինեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով՝ բացառելով ռեյտինգային ցուցակների առկայությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930