Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցային գործընթացում կունենանք ավելի խճճված իրավիճակ». Սերգեյ Մինասյան

Հունիս 16,2016 21:52

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ, Սերժ Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից կողմերի սպասելիքները չեն արդարանա:

«Սկսենք նրանից, որ լայնամասշտաբ գործողություններ չեն լինի: Այն, ինչ եղավ ապրիլին, նույնպես լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն, դա գուցե աննախադեպ սրում էր 94 թվականից հետո, բայց սահմանափակ ռազմական գործողություն էր:

Պետերբուրգի հանդիպումից տարբեր սպասումներ ունեն կողմերն ու հասարակությունները, բայց մեծ հավանականությամբ, այդ սպասումներից եւ ոչ մեկը լիովին չի արդարանա: Միջազգային հանրության մեծ մասը եւ հայկական կողմը սպասում են, որ շփման գծում լարվածության նվազեցման միտումներ կլինեն, վստահության մեխանիզմների ստեղծման, նոր սրման բացառման որոշումներ, իսկ ադրբեջանական կողմը կփորձի ապրիլյան իրադարձություններն իր ձեւով ներկայացնել ու զարգացնել՝ սպասելով միակողմանի զիջումներ հայկական կողմից: Բայց ոչ առաջին, ոչ երկրորդ սպասումները չեն արդարանա, ու մենք բանակցային գործընթացում կունենանք ավելի խճճված իրավիճակ, որը կարող է, այո՛, հետագայում ռազմական սրումների հնարավորություն տա, կարող է եւ չտալ»,- ասաց քաղաքագետը:

Նա հիշեցրեց, որ առաջին անգամը չէ, որ երկու նախագահների հանդիպումը կազմակերպվում է ՌԴ նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս. «Առնվազն 2008-ի նոյեմբերի մայնդորֆյան հռչակագրից հետո, որ եղել է ռուս-վրացական պատերազմը, կազանյան ձեւաչափ, Սոչիի հանդիպումները 2014-ի օգոստոսին նույնպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ չէր, եթե Ամերիկայի ու Ֆրանսիայի համանախագահները նույնիսկ եղել են, ապա շատ ֆորմալ ձեւով, միջանցքներում ման են եկել ու սպասել՝ երբ իրենց կկանչեն՝ ինչ-որ բան ասելու:

ՌԴ-ն ակտիվանում է ամբողջ հետխորհրդային տարածքում նաեւ Հարավային Կովկասում, վերցնում է այն, ինչ կարող է վերցնել: Միաժամանակ չեմ կարծում, որ Մինսկի խմբի ձեւաչափը լիովին դուրս է գալու կամ ինչ-որ ձեւով չեղյալ է հայտարարվելու: Հենց երեկ ՌԴ խորհրդարանում Լավրովը ասաց, որ ՌԴ-ն չի ցանկանում մենաշնորհայնացնել այդ գործընթացը: Մեկ երկիր չի կարողանա հասնել դժվար հակամարտության լուծմանը:

Բացի ամեն ինչից՝ ՌԴ-ն նույնպես բազմիցս նշել է, որ շահագրգռված է Մինսկի խմբի ձեւաչափով, որովհետեւ այն եզակի ձեւաչափերից մեկն է, որ ՌԴ-ն Արեւմուտքի հետ ուկրաինական եւ այլ ճգնաժամի ֆոնի վրա, ունի ունիկալ ձեւաչափ, որտեղ կարող է համագործակցել, որտեղ կա մոտեցումների նույնիսկ կոնսենսուս, դա կորցնել ՌԴ-ն չի ցանկանա»:

Պարոն Մինասյանի խոսքով, օրինաչափություն է՝ յուրաքանչյուր ռազմաքաղաքական հակամարտության սրումը հետխորհրդային տարածքում բերում է ՌԴ ավելի ակտիվ ներգրավվածության. «Դա եղավ 2008-ին վրացական պատերազմի ժամանակ, ուկրաինական ճգնաժամի ժամանակ, դա տեսանք նաեւ ապրիլյան զարգացումներից հետո: Երբ խոսքը գնում է ռազմաքաղաքական բաղադրիչի մասին, ապա առաջին հերթին դուրս է գալիս ՌԴ-ն, երբ վերադառնում է, այսպես կոչված, դիվանագիտական քաղաքական ձեւաչափին, այդտեղ արեւմտյան մեր գործընկերները փորձում են վերադառնալ:

Ապրիլյան իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ ՌԴ-ն ներգրավվում է, որովհետեւ ե՛ւ ցանկություն ունի, ե՛ւ հնարավորություն, ե՛ւ կամք: Ապրիլյան իրադարձությունների ժամանակ չտեսանք, որ ԵՄ-ը, ԱՄՆ-ն փորձում էին ներգրավվել. հրադադարի բանավոր ռեժիմը նույն ձեւով, ինչպես 1994-ին, ձեռք է բերվել ՌԴ գրեթե միակ ներգրավվածությամբ.:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930