«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված նոր փոփոխությամբ` ոչ միայն մեկ տարով հետաձգվել է կուտակային բաղադրիչին մասնավոր հատվածի աշխատողների պարտադիր մասնակցությունը, այլեւ երկարաձգվել է համակարգի մասնակիցներին տրվող արտոնությունների ժամկետը:
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին դեմ «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը օրենքի այս փոփոխություններից դրական ակնկալիքներ չունի. «Ոչ մի դրական բան դրանից չեմ տեսնում, որովհետեւ չեմ կարծում՝ դա արվել է ի նպաստ քաղաքացիների, դա արվել է մի քանի պատճառով, իսկ պատճառներից մեկը՝ հնարավորինս կարողանան պարզ ճակատով ընտրությունների գնալ, եթե դա, իհարկե, հնարավոր է: Լուրջ կասկածներ ունեմ ամբողջ ծավալով ֆինանսական միջոցների բավարարման համակարգի կիրառման ու պետբյուջեից փոխանցումների առումով. արդյոք մեր բյուջեն պատրաստ է նմանատիպ ծախսերի: Կասկածելի են ֆոնդերի պահվածքը, չեմ զարմանա, որ ինչ-որ համագործակցություն լինի իշխանությունների ու ֆոնդերի միջեւ, որովհետեւ չեմ կարծում, որ բիզնեսով զբաղվող ինչ-որ ֆոնդեր կհամաձայնեն դեռ մնալ այդքան հետաձգումներից հետո, երբ որ համակարգն իր ամբողջ ուժով չի աշխատում եւ չի ապահովում այն եկամտաբերությունը ֆոնդերին, որոնք որ իրենց հաշվարկով ունեցել են: Ինձ համար տարօրինակ է՝ ինչ տիպի ֆոնդեր են ու ինչ տիպի բիզնես են անում, որ նույնիսկ այս պայմաններում շարունակում են մնալ Հայաստանում ու ինչ կապեր կա իշխանությունների հետ ու ինչով են զբաղվում ընդհանրապես:
Լուրջ կասկածներ ունեմ, որ մեր պետությունն իր այս վիճակով ու այս բյուջեով կկարողանա, ի վերջո, նորմալ գործարկել այս աննորմալ համակարգը, նորմալ իրենց չափանիշերով, ինչպես իրենք էին ուզում գործարկել: Չեմ հավատում, որ մեր պետբյուջեն ունի այդ հնարավորությունները իր մասնաբաժինը տալ, վճարումները կատարել, նույնիսկ, եթե բոլորը մասնակից դառնան, առավել եւս, որ մեր երկիրը հիմա լուրջ վտանգների առջեւ է կանգնած. բանակի ֆինանսավորման հարցը բոլորի համար ակնհայտ է՝ ինչքան թերի ու նվազ է, այս պարագայում նմանատիպ ծախսեր նման ծրագրերի վրա, չեմ հավատում, որ դրա տակից կկարողանան դուրս գալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ