Այսօր էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց 2015-ի մայիսին ստորագրված ԵՏՄ անդամ պետությունների եւ Վիետնամի միջեւ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը: Այս համաձայնագրի արդյունքում մի խումբ ապրանքների համար նախատեսվում է մաքսատուրքերի անմիջապես զրոյականացում: Մի խումբ ապրանքների համար էլ անցումային ժամանակահատված է նախատեսվում՝ մաքսատուրքի զրոյականացման համար:
Գարեգին Մելքոնյանի խսքերով՝ «Գյուղատնտեսության ոլորտում կան ապրանքներ, օրինակ, բրինձը, որը միանգամից զրոյականացվող մաքսատուրքով ապրանքների ցանկում է: Կան էլեկտրոնային սարքավորումներ, որոնք նույնպես այդ ցանկում են՝ տպիչ սարքեր, կարի մեքենաներ: Կաթնամթերքի ներմուծման դրույքաչափը 20 է, անմիջապես նախատեսվում է զրոյականացնել: Թռչնամսի վրա 20 տոկոս մաքսատուրքը նախատեսվում է զրոյականացնել: Մենք Վիետնամից ներմուծում ենք բջջային հեռախոսների կամ այլ տիպի սարքավորումներ, 10 տոկոս դրույքաչափ էր գործում, նախատեսվում է զրոյականացնել: Ցորեն եւ հացահատիկային սերմերը նախատեսվում է անմիջապես զրոյականացնել 10 տոկոսով, պարարտանյութը, որը 6 տոկոս է, զրոյացվում է առանց անցումային ժամանակաշրջանի: Պողպատե խողովակներ, լարեր, շինարարական արտադրանքը 20-ից իջեցվում է զրոյի՝ որոշակի ժամանակահատված հետո: Մեքենաների եւ վառելիքի համար է նույնիսկ նախատեսվում զրոյացում»:
Փոխնախարարը նաեւ ասաց, որ առեւտրի շրջանառությունը Վիետնամի հետ տարեկան մոտ 15 մլն դոլարի է, արտահանումը եղել է չնչին դեպի Վիետնամ, խոսքը 1-2 հարյուր հազար դոլարի մասին է: Ընդամենը 1-2 գործարք է եղել: 2015-ին 74 հազար դոլարի սահմաններում սպիրտ է արտահանվել, նաեւ սարքեր են արտահանվել՝ շատ փոքր քանակի: Իսկ ներմուծվում են հիմնականում հեռախոսային ապարատներ՝ բջջային ցանցերի համար: Ներմուծվել են նաեւ սուրճ, սուրճի թեփուկներ, հագուստ , եւ ներմուծման ծավալը 2015-ին 5 մլն դոլարից ավելի է եղել:
Փոխնախարարը նաեւ նշեց, որ Վիետնամից ՀՀ-ում ներդրումային պատկեր ընդհանրապես չկա, որեւէ համատեղ ձեռնարկություն չունենք: Միքայել Մելքումյանը նկատեց, որ շատ երկրների հետ մենք ունենք այսպես տխուր պատկեր: Միքայել Մելքումյանի խոսքերով՝«մեր դեսպանները բա չունե՞ն առաքելություն, եթե նրանց մի մասը ակտիվ աշխատի, չի՞ լինի, նրանք դերակատարություն չունե՞ն, թե՞ պետք է զեկուցեն, որ որեւէ բան հնարավոր չի անել»:
Կարդացեք նաև
Փոխնախարարը պատասխանեց, որ իհարկե, վատ չէր լինի, որ մենք աշխարհի 240 երկրների հետ էլ համանման շրջանառություն ունենայինք, բայց աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ դա հնարավոր չէ: Փոխնախարարն ասաց, որ ՀՀ նախագահն էլ է առաջադրել, որ մեր դիվանագիտական կորպուսը առնչություն ունենա նաեւ արտաքին տնտեսական հարցերի հետ եւ փորձի խնդիրներ լուծել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ