«Կոռուպցիա, բան, որ սկսում ենք խորանալ, իշխանության ներկայացուցիչները երբ ուրիշ բան չեն ունենում ասելու, սկսում են աչքով-ունքով անել, ուզում ես հասկանալ՝ էս ի՞նչ ա ուզում ասի, որ ամբիոնի մոտից բարձր չի կարողանում ասի: Մեկ էլ ասում ա՝ բանակի հետ կապված հարցերը…5 տարի, 10 տարի մեզ էս լեգենդներով խաբել են, սնել են»,- այսօր ԱԺ-ում էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման համար նոր վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը հունիսի 10-ին Հ1-ի եթերում հայտարարել է՝ « դե գիտեք, մենք առայժմ կործանիչ ավիացիա չունենք»: Փաշինյանի խոսքերով՝ «Բա կործանիչ ավիացիա չունենք, քաղաքացիական ավիացիա չունենք, տրանսպորտային ավիացիա չունենք, բա 26 տարվա պետությունը ինչո՞վ ա զբաղված եղել, բա ի՞նչ ունենք: Ունենք պարտքեր, ուրիշ ոչ մի բան: Էսօր ՀՀ ԶՈՒ-ի հարյուրավոր սպաներ սոցիալական ծանր վիճակի մեջ են: Բա մարդը 20 տարի ծառայի ՀՀ ԶՈՒ-ին, գնդապետի կոչում ստանա ու սոցիալական պրոբլեմ ունենա՞: Բա որ էդքան ասում ենք ՝ ԿԲ-ի անհեթեթ շենքը, Հարկային տեսչության հանգստյան տուն ա, չգիտեմ ուսումնական ինչ ա՝ Գագիկ Խաչատրյանի համար նախատեսված ռոկոկո ունիտազներով, բա տասնյակ միլիոնավոր դոլարներ եք ծախսել, էդ շենքերի գումարներով հարյուրավոր սպաների ընտանիքներին կարելի էր ապահովել»:
Ըստ Փաշինյանի, մեր երկրի հարուստները պետք է ներքին կուլտուրա ունենան, դեռ մի կողմ, թե ինչ գումարներով են կառուցել իրենց շքեղ առանձնատները, թալանել են, թե ինչ են արել. «Ինքը պետք է իմանա, եթե իրա երկրում հազարավոր մարդիկ բնակարաններ չունեն, իրա բանակի գնդապետները, մայորները 20 տարի խրամատից տուն, տնից խրամատ են արել ու բնակարան չունեն, իրանք պիտի ներքին կուլտուրա ունենան, արա՛, պալատները չկառուցեն: Ամեն մեկը մի հատ Արարատի բոյի սար ա վեկալել, մի հատ Արարատի բոյի տուն ա կառուցել»:
Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ բանկերը իրենց օֆշորային հաշիվները բացեն, որ ամեն ինչ ջրի երես դուրս գա. «Էսքան ասում ենք՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլարի կապիտալ է կուտակել, մենք պետք է հնարավորություն ունենաք ճշտենք՝ դա տե՞նց ա, թե՞ տենց չի: Սերժ Սարգսյանի ընտանիքը ասում են՝ հիմա «աբգոն» կանի: Պետք է իմանանք՝ պողոսյան միհրանները եւ մյուսները, ում մեքենաները կործանիչ ավիացիայի գնին են, պետք է հասկանանք՝ էդ մարդիկ ինչ են տարել էս երկրից: Ընդ որում, պետք է իմանանք կոնկրետ՝ տեղով ու հասցեական: Եթե տարել են, ուրեմն տարել են, եթե չեն տարել, ուրեմն չեն տարել: Եթե տարել են, հետեւանքները ոչ միայն իրենց, այլեւ իրենց օգնած միջազգային ֆինանսական կազմակերպությունների համար պետք է լինեն համապատասխան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ