Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին ընդառաջ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանն ավագանու անդամներին խնդրեց հաստատել Սրբազան Քահանայապետի դիմավորման ու համաքաղաքային միջոցառումների կազմակերպման ու անցկացման նպատակով Գյումրու քաղաքապետարանի կողմից հաշվարկած 2 միլիոն դրամ ծախսերը:
Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հարցրեց՝ հնարավո՞ր չէ հրավառության համար նախատեսված գումարն ավելի արդյունավետ օգտագործել: Մշակույթի բաժնի պետն էլ հակադարձեց, որ տոն է քաղաքի համար ու ցանկալի է հրավառությունը:
Իսկ Սամվել Բալասանյանը պարզաբանեց, որ 2 միլիոն դրամ գումար են նախատեսել, քանի որ անկանխատեսելի ծախսեր կարող են առաջ գալ, իսկ ինքը Հռոմի պապի այցի օրը չի կարողանա նորից հավաքել ավագանու անդամներին ինչ-որ բան հաստատելու համար:
Հրավառությունն էլ, ըստ քաղաքապետի, ընդամենը կես միլիոն դրամ կնստի:
Կարդացեք նաև
Քաղաքապետը պարզաբանեց, որ դրոշները ու ցուցապաստառները կտրամադրեն Երեւանից, Գյումրու քաղաքապետարանը ծախս չի անի, սակայն նեղվեց, որ Շիրակացի փողոցի վերանորոգումը կառավարությունը թողեց Գյումրու բյուջեի վրա:
Նշենք, որ նախապես պայմանավորվել էին Հռոմի պապի այցին ընդառաջ կառավարության միջոցներով վերանորոգել Շիրակացի փողոցի մի հատվածը: «Իսկ հրավառությունը ինչի՞ համար է անհրաժեշտ, տոն է էլի. շատ այցելուներ են լինելու: Նույնիսկ Ռուսաստանից երեւի մի հարյուր հոգի մարդ զանգել, ասել է, որ գալիս է: Հետաքրքիր օր կլինի, որովհետեւ մինչեւ ժամը 6-ը Հռոմի պապը լինելու է Գյումրիում: Էլ չեմ ասում, մենք էլ ենք էլի մարդ, կարող ենք ասել եկեք հրավառության փողը ուղղենք տնակում բնակվող սոցիալապես ապրող մի բնակչի, բայց մյուս կողմից քաղաք է էլի…Ես կարող եմ հանել հրավառության փողը, բայց Հռոմի պապի համար չենք անում, անում ենք մեզ համար, որովհետեւ էդպիսի հյուր, ես չգիտեմ՝ ե՞րբ է եկել Հռոմի պապ Գյումրի», -ասաց Սամվել Բալասանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ