Մտավորականները Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ներել չեն կարող:
Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ Արամ արքեպիսկոպոսը ասել էր, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձեւը «ափսոսանք» է առաջացրել:
«Հայելի» ակումբում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն անգամ չցանկացավ արքեպիսկոպոսի մասին խոսել: Հիշեցմանը, թե արքեպիսկոպոսը պատրաստվում է այցելել Հայաստան, արդյոք ինչպե՞ս է պետք դիմավորել նրան, պարոն Տեր-Գուլանյանն այսպես պատասխանեց. «Նա վարկաբեկել է հայկական անունը և հայոց ցավը: Ես իրեն պարզապես չեմ ներում: Թե ինչպես կդիմավորի հայոց եկեղեցին, վեհափառ հայրապետը, իրենց խնդիրն է, բայց եթե անձնապես ինձ եք հարցնում, ես չեմ ներում նրան այդ նամակի համար»:
Հարցին` արդյոք համարժե՞ք են հայկական կողմի` նրա կատարածին ուղղված պատասխանները, կամ այն արդարացումները, թե այդտեղ կար նաև համայնքի դերակատարությունը, պարոն Տեր-Գուլանյանն արձագանքեց. «Չեմ հավատում այդ արդարացումներին: Նախ սրբազանն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ, ո՞վ է նրան խնդրել խառնվել քաղաքականությանը, դա եկեղեցու գործը չէ»:
Կարդացեք նաև
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բարձրացրեց այն հարցը`արդյոք Արամ Աթեշյանն ունե՞ր իրավասություն հանդես գալ հավատացյալների անունից. «Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ, մանավանդ, Թուրքիայի, առավել ևս Պոլսի հայերի մի մասը բողոքում է, թե ինչու է իր անունից նման նամակ հղել»:
Էդվարդ Միլիտոնյանը նաև նկատեց, թե կատարվածը կարելի է մեկնաբանել այլ տեսանկյունից ևս. «Սրանով կարելի է ցույց տալ, թե ինչ ճնշված վիճակում են հայերը Թուրքիայում, որ անգամ եկեղեցու տեղապահը նման նամակ է հղում»:
Պարոն Միլիտոնյանը կասկածներ ունի, թե արքեպիսկոպոս Աթեշյանի վրա ճնշումներ են եղել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ