Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կախված է լինելու Ադրբեջանի վարքից». Արտակ Զաքարյանը` Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Հունիս 16,2016 17:17

Հայկական կողմի համար հունիսի 20-ին նախանշված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման առանցքը լինելու է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները  կյանքի կոչելու հնարավորությունները դիտարկելը եւ քննարկելը: Այս մասին հունիսի 16-ին «Մեդիա Կենտրոնում» ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Վիեննայում հստակ ասվեց, որ պետք է ընդլայնել ԵԱՀԿ ներկայացուցչի մոնիթորինգային կարողությունները, ունենալ հետաքննության մեխանիզմներ եւ կայուն հրադադար: Ամեն ինչ կախված է լինելու Ադրբեջանի վարքից: Հայկական կողմը միշտ ողջունել է հանդիպումները եւ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները: Հույս ունենանք, որ Ռուսաստանի նախագահի բարձր առաքելության պայմաններում հնարավոր կլինի Ադրբեջանին պարտադրել հաշվի նստել այն պարզ իրողության հետ, որ ռազմական ճանապարհով ԼՂ խնդիրը չունի լուծում: Ամենաիրատեսական մոդելը հետաքննության մեխանիզմների ներդրումն է, ինչը համանախագահներին թույլ կտա անել հասցեական հայտարարություններ»,- ընդգծեց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով` Սանկտ-Պետերբուրգում սպասվելիք հանդիպմանը «բանակցություն» որակում տալը ճիշտ չէ, քանի որ բանակցելու բան չկա. «Կա պարզ իրականություն: Պետք է ղարաբաղաադրբեջանական սահմանին ունենալ կայուն եւ երաշխավորված հրադադար»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ նշեց. «Ադրբեջանը ցույց տվեց, որ պատասխանատու չէ իր քայլերի համար: Ադրբեջանի մարտավարությունը բխում է ստեղծված իրավիճակից: Նա չի ուզում գնալ որեւէ զիջման: Բանակցային ճանապարհը նրա համար ճանապարհ չէ, քանի որ պատրաստ չէ գնալ զիջումների: Ադրբեջանը վախենում է լայնածավալ պատերազմ սկսել, որովհետեւ դա իրեն թույլ չի տալիս մեր բանակի մարտունակությունը: Հետեւաբար, գիշերով, խախտելով հրադադարի պայմանագիրը, լոկալ պատերազմ է սկսում` համանախագահներին շանտաժի ենթարկելու համար, թե` բերեք մի փաստաթուղթ, որով Ղարաբաղն ինձ եք տալիս»:

Ըստ Հարությունյանի` Ադրբեջանը պատերազմի սպառնալիքով ցանկանում է, որպեսզի հայկական կողմը զիջումների գնա. «Հայկական կողմը ճիշտ պայմաններ է դրել, ի՞նչ բանակցությունների կամ տարածքի վերադարձի մասին է խոսքը: Ուստի Սանկտ-Պետերբուրգում առաջընթացի չեմ սպասում, Ադրբեջանի վրա ճնշումներ պետք է լինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա Կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930