ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացվել է «Արարատը հայի աչքերով» խորագիրը կրող շարժական լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին:
Ցուցահանդեսի մասնակիցներն են ազգությամբ հայ լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բրազիլիայից եւ ԱՄՆ-ից: Ցուցադրված 32 լայնաֆորմատ աշխատանքները ներկայացնում են հայ ազգի խորհրդանիշ Արարատ լեռը արվեստագետների ամենատարբեր ընկալումներով:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր Կիպրոսից, Անգլիայից, Շվեյցարիայից, արվեստասերներ:
Բացման խոսքում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ նման ձեւաչափի ցուցահանդեսների կազմակերպումը Թեքեյան Կենտրոնի հարկի տակ դարձել է ավանդույթ, ինչը նպաստում է լուսանկարչական արվեստի զարգացմանն ու տարածմանը, ճանաչելի դարձնելով ժամանակակից արվեստագետներին: Տնօրենը նաեւ խորին երախտագիտություն հայտնեց տիկին նախարարին հայերի համար խորհրդանշական այս թեմայով ցուցահանդեսն այցելելու եւ նրա կայացմանը օժանդակելու համար:
«Յուրաքանչյուր հայի իղձն է՝ ամեն առավոտ աչքերը բացել եւ տեսնել Արարատը», – նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ողջունելով ցուցահանդեսի գաղափարը եւ բարձր գնահատելով աշխատանքները: Նախարարը նաեւ անդրադարձավ Թեքեյան Կենտրոնի դերին. «Որպես մշակույթի նախարար, ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի մշակութային կենտրոն, որն արժանի է այն գաղափարախոսությանը եւ այն բովանդակությանը, որը ժամանակի մեջ պատմականորեն դրել է Թեքեյան միությունը: Թեքեյան Կենտրոնը մեզանում դարձել է հայ մշակույթը ներկայացնող լավագույն օջախներից մեկը, որի ձեռնարկները մշտապես հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում, ինչի մասին վկայում է այսօրվա ձեռնարկը: Շնորհավորում եմ միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին նման հրաշալի աշխատանքներ ներկայացնելու համար»:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը /Լոնդոն/, շնորհակալություն հայտնելով նախարարին եւ հիմնադրամի հոգաբարձուներին ձեռնարկի իրականցմանը մեծապես օժանդակելու համար, նշեց, որ ցուցահանդեսը կներկայացվի նաեւ Արցախում, ինչը մեծ դեր կունենա մեր մշակութային կյանքում: Վ. Ուզունյանը հույս հայտնեց նաեւ, ԹԿ հիմնադրամի համագործակցությունը մշակույթի նախարարության հետ կլինի շարունակական եւ կյանքի կկոչի մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:
Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը, անդրադառնալով ցուցահանդեսի գաղափարին, համոզմունքով նշեց, որ ցուցահանդեսը պետք է ունենա շարունակություն՝ «Արարատը աշխարհի աչքերով», եւ դառնա միջազգային ցուցահանդես ու շրջի աշխարհով, ինչը եւս մեկ առիթ կլինի հայի մասին խոսելու, նրա բազմադարյա մատնությունն ակնարկելու համար:
«Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. հունիսի 30-ը եւ այնուհետեւ կներկայացվի Արցախում:
Մամլո հաղորդագրություն