Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է`պարսիկներն էլ կարող են բողոքել, որ Վարդան Մամիկոնյանի արձանն է կանգնեցվել». Մերուժան Տեր-Գուլանյան

Հունիս 16,2016 17:07

Հայաստանի գրողների միության նախագահ (ՀԳՄ) Էդվարդ Միլիտոնյանը համոզված է, որ Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ ռուսական կողմի բարձրացրած աղմուկից չպետք է հուզվել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Էդվարդ Միլիտոնյանը նշված հայտարարությունը համարեց քաղաքական ենթատեքստ ունեցող ու նշեց. «Սևեռվել են զուտ նացիստական Գերմանիայի հետ համագործակցության վրա, բայց փաստն այն է, որ Նժդեհի կերպարը հայ ժողովրդի համար հերոսական էր մինչ այդ` Ղարաքիլիսայի, Զանգեզուրի մարտերում նրա ունեցած հսկայական դերակատարման շնորհիվ:  Ուստի վերցնել միայն Երկրորդ Համաշխարհայինը որպես պատրվակ ու քաղաքական կառույցի ներկայացուցչի շուրթերով նման ձևով բարբառել, խիստ միակողմանի է»:

Պարոն Միլիտոնյանը հիշեցրեց, թե ՀՀ-ում Նժդեհի անունով փողոց, մետրո, տարբեր հասարակական կառույցներ կան, ֆիլմեր են նկարահանվել, գրքեր գրվել, ուստի, եթե խոսք կար այդ մասին, գուցե ժամանակին արտահայտվեին, ոչ թե 25 տարի հետո: Էդվարդ Միլիտոնյանը համոզված է` մեր պատասխանը պետք է լինի սառը, քննական:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը ևս համարում է, որ աղմուկ բարձրացնելու կարիք չկա. «Մենք անկախ երկիր ենք և իրավունք ունենք ցանկացածի արձանը դնել, ում մեր ժողովուրդը համարում է հերոս: Ուղղակի ռուսական քաղաքականության մեջ զարմանալի մի բան է կատարվում` Նժդեհին գրեթե նույնացրել են Ստեպան Բանդերայի հետ: Այնինչ Նժդեհը բացարձակապես չի կռվել ԽՍՀՄ բանակի դեմ, պարզապես հայ գերիներին և Արևմտյան Հայաստանը փրկելու խնդրով հայկական լեգիոն է ստեղծել»:

Պարոն Գուլանյանը, վկայակոչելով պատմական իրողությունը, նշեց. «Զարմանալին այն է, որ ինքը կամավոր հանձնվել է ԽՍՀՄ իշխանություններին`հույս ունենալով, որ Արևմտյան Հայաստանը կփրկի: Ստալինն անձամբ ճանաչում էր Նժդեհին. նա բանտարկվել էր շքեղ պայմաններում, նրան տվեցին բոլոր հնարավորությունները, որ նա գծի Արևմտյան Հայաստանի քարտեզը, որ պարզ լիներ`որտեղից հարձակվել, քանի որ նրա նման Արևմտյան Հայաստան իմացող չկար: ԽՍՀՄ-ին Գարեգին Նժդեհի անձը պետք էր»:

Մերուժան Տեր-Գուլանյանը հավաստիացրեց. «ԽՍՀՄ բանակի դեմ նա գնդակ չի արձակել»:

Մերուժան Տեր-Գուլանյանի տպավորությամբ ռուսները լավ չգիտեն` ով է Գարեգին Նժդեհը, հակառակ դեպքում «այդ սիրուն աղջիկը նման հայտարարություն չէր անի». «Կարող է որևէ պետության ինչ-ինչ բաներ դուր չգան, այն պատճառով, որ, ըստ էության, չգիտեն, թե ով է Գարեգին Նժդեհը, հակառակ դեպքում այս խոսակցությունը չէր լինի: Մենք մեր հերոսներին չենք կարողանում համամարդկայնացնել: Ստացվում է այնպես, որ պարսիկները կարող են բողոքել, թե ինչու է Վարդան Մամիկոնյանի արձանը տեղադրվել: Չեմ նեղանում նրանցից, քանի որ եթե իմանային, նման հայտարարություն այդ գեղեցիկ աղջիկը չէր անի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930