Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տված փողերը ո՞ւր են գնացել, որ պարտքը չի փակվել». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հունիս 16,2016 16:49

Այսօր կառավարությունը ԱԺ է բերել ՎԶԵԲ-ի հետ ստորագրված նոր վարկային համաձայնագիր՝ էներգետիկայի ոլորտի ֆինանսական եւ առողջացման համար:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ասաց, որ տրամադրվելու է 30 մլն դոլար, վարկի մայր գումարի մարումը սկսվելու է 2030-ից:

Գումարը Երեւանի ՋԷԿ-ին են տալու՝ «Գազպրոմ Արմենիայի» հանդեպ իր պարտքերը մարելու համար, մի մասն էլ նաեւ ատոմակայանին են տալու:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ «Մենք վերջին 3 տարիներին ամեն տարի էլեկտրաէներգիայի սակագների թանկացում ունեցանք ու բացատրում էին հենց այդպես՝ ճեղքվածք կա, պարտքեր ունեն ատոմակայանին էլ ՋԷԿ-ին էլ պարտքերը պետք է փակվեն: Հոսանքի գինը թանկացրին, որ մենք ավելի վճարենք, որ ՀԷՑ-ը վճարի Երեւանի ՋԷԿ-ին, մյուս արտադրողներին, ատոմակայանին: Հիմա մենք համ գները բարձրացրել ենք, որ ճեղքվածքը փակենք, նույն ճեղքվածքի համար մի հատ էլ վարկ ենք վերցնում: Մեր տված փողերը ո՞ւր են գնացել, որ պարտքը չի փակվել, հիմա նորից նույն բանի համար պարտք եք վերցնում, որ էլի փակենք էն, ինչ մենք մի անգամ արդեն փակել ենք»:

Արեգ Գալստյանն ասաց, որ Երեւանի ՋԷԿ-ը ունի շուրջ 30 մլրդ դրամի դեբիտորական պարտքեր, կրեդիտորական պարտքեր՝ Գազպրոմ Արմենիայի նկատմամբ՝ շուրջ 39 մլրդ:

Փաշինյանը իր զարմանքը հայտնեց, որ ո՞նց է, որ ՀԷՑ-ը պարտք է մնում Երեւանի ՋԷԿ-ին, մեր պետական ձեռնարկություններին, բայց պարտք չունի ռուսական կապիտալով ընկերություններին, բա մեր պետությունն ի՞նչ է արել, որ չի կարողացել վերցնել պարտքերը. «Ասում եք՝ Երեւանի ՋԷԿ-ը, ատոմակայանը գործունեության հետ չկապված վարկեր են ներգրավել: Էդ ի՞նչ վարկեր են, Հովիկ Աբրահամյանի բարեգործությամբ եկեղեցու կառուցման համար փող են տվել սուրբ Հովհաննես, սուրբ Սերժ ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար, էդ ի՞նչ գործունեության հետ չկապված վարկեր են, խնդրում եմ կետ-կետ պարզաբանեք»:

Արեգ Գալստյանը պատասխանեց. «Մենք մի քանի տարիների ընթացքում այդ երկու պետական ընկերություններին առաջարկել ենք կատարել իրենց գործունեությանը ոչ համապատասխան գործողություններ, նրանք փոխառություն են տրամադրել «Նաիրիտ» գործարանին եւ Վանաձորի քիմպրոմին, որպեսզի վճարվեն այդ ընկերություններում աշխատող աշխատակիցներին: Այդ տարիների ընթացքում կուտակվել են բավականին մեծ գումարներ»:

Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին դիմեց, թե հերիք չի այս երկու ստրատեգիական կառույցներին են դիմել, որ փող տան «Նաիրիտի» ու Վանաձորի քիմպրոմի համար, մի հատ էլ չեն հոգացել, որ ՀԷՑ-ը այս ընկերությունների պարտքերը մարի. «Ատոմակայանի նկատմամբ ՀԷՑ-ը ունեցել է 7 մլրդ պարտք, Երեւանի ՋԷԿ-ի նկատմամբ 12 մլրդ պարտք: Հիմա 3 տարի անընդմեջ հոսանքի բարձրացումից հետո ասում են՝ գիտեք ինչ, էդ բարձրացումները ճեղքը չեն փակել, հիմա էլ պիտի վարկ վերցնենք: Դուք անձամբ եւ հանձնաժողովի կողմ քվեարկած պատգամավորները ի՞նչ երաշխիքներ ունեք, որ հիմա էլ չեն խնդրելու, որ էս 30 մլրդ-ը տան ուրիշին, ասեն՝ մեկը քյաբաբանոց է բացել, ֆինանսական ճեղքվածք ունի, եկեք էդ քյաբաբանոցին փող տվեք, որ էնտեղի քյաբաբ ուտողները վատ չզգան»:

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ դա չի եղել հանձնաժողովի խնդիրը ՝այս համաձայնագիրը քննարկելիս: Իրենք քննարկել ենք վարկի նպատակայնությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930