Ընտրական օրենսգրքի`«4+4+4» ձեւաչափի մասնակից ընդդիմադիր քաղաքական ուժերը, պայմանավորվածության համաձայն, իրենց առաջարկներն ուղարկել են Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցներում ասացին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, երեկ իշխանական կողմը համաձայնություն էր տվել ընդդիմության հինգ պահանջներից չորսին: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այսօր, մինչեւ 12.00-ն ընդդիմադիր ուժերը եւ քաղհասարակության ներկայացուցիչները իրենց առաջարկները պետք է էլեկտրոնային տարբերակով ուղարկեն Դավիթ Հարությունյանին: Օրվա ընթացքում փոխհամաձայնություններից հետո միայն պարզ կդառնա`ԸՕ-ի շուրջ կոնսենսուս կձեւավորվի՞, թե`ոչ: Համաձայնության դեպքում, երեկոյան 21.00-ին կողմերը փաստաթուղթ կստորագրեն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տասը առաջարկ են ուղարկել`քվեարկության ժամանակ տրամադրվելիք կտրոնները ոչ միայն կուսակցություններին, այլ նաեւ դիտորդներին տրամադրվեին, ԶԼՄ-ների նորամուծություն- սահմանափակումները վերացնեն, հնարավոր լինի նաեւ էլեկտրոնային տեսքով բողոքարկման դիմումներ ներկայացնել եւ այլն: Քաղհասարակության բոլոր առաջարկներն էլ մերժվել են:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք դեռ քննարկում են իշխանության առաջարկը, համաձայնության գալու շուրջ վերջնական որոշում չունեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ