Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյանը՝ «սիրուն աղջիկներին» աշխատանքի վերցնելու մասին

Հունիս 16,2016 16:27

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Aravot.am-ի հետ զրույցում ծիծաղելի է որակում պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանի՝ իր հասցեին մամուլում հնչեցրած այն քննադատությունը, թե ինքը ԵՊՀ պատմության ֆակուլտետից աշխատանքի է ընդունել մի խումբ սիրուն աղջիկների՝ ամեն մեկին դարձնելով ինչ-որ բաժնի վարիչ, եւ նույն այդ աղջիկները քաղաքավարությունից կամ վախից իրեն աստվածացնում են որպես տնօրեն: «Հրապարակի» նույն հրապարակման մեջ, Վահե Սարգսյանն ասել էր, որ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանից ու եւս մեկ-երկու երիտասարդից բացի, թանգարան-ինստիտուտում լուրջ, կայացած այլ գիտաշխատողի անուն դժվար է գտնել:

«Իմ կատարած վերջին հայտարարությունից հետո, որտեղ ես «վրաերթ» կատարեցի պատմագիտության մեջ եղած խայտառակությանը, սպասելի էր, որ իմ դեմ նման պատվեր պետք է լիներ: Մի քիչ զարմանալի է, որ այդ ամենն այսքան արագ եւ օպերատիվ եղավ եւ ինչպես միշտ՝ անհաջող: Էդ աղջիկները նախ մարդ են: Բացի այդ, աղջիկները նաեւ գիտաշխատող են լինում: Ես հպարտ եմ իմ ջահել գիտաշխատող աղջիկներով, որոնց կատարած ծավալի աշխատանքների մասին կարող են երազել որոշ կազմակերպություններ, որոնք իրենց Հայ դատի եւ այլնի առաջամարտիկ են համարում: Ես հպարտ եմ իմ աշխատողներով, որոնց մեջ կան գիտության թեկնածուներ…Ռասիզմի հոտ է գալիս նման լկտի հայտարարություններից, որը ես չեմ շարունակի մեկնաբանել: Ի՞նչ է նշանակում ջահել աղջիկ, աղջիկը ի՞նչ է՝ մարդ չի՞»,- Aravot.am-ին ասաց Հայկ Դեմոյանը:

Հետաքրքրվեցինք, թե գիտությունների քանի՞ թեկնածու եւ դոկտոր է այս պահին աշխատում Հայոց ցեղասպանության-թանգարան ինստիտուտում: «Ես եմ դոկտորը եւ 5 գիտաշխատողներ ունենք, որոնք թեկնածուական են պաշտպանել, երեքը պաշտպանելու են այս տարի: Երկու աղջիկ գիտաշխատող էլ հիմա սովորում են արտասահմանյան հեղինակավոր բուհերում: Եվ եթե կան ակադեմիական հումանիտար բլոկից գիտաշխատողներ, թող ասեն…Իրենց ասածն այնքա՜ն չմեկնաբանելու բան է: Եթե այսօր թանգարան-ինստիտուտը դարձել է միջազգայնորեն ճանաչված հաստատություն, դա միայն Դեմոյանի շնորհքը չէ, այլ ողջ թիմի աշխատանքն է, մի բան, որ իրենք չկարողացան հասնել: Իրենք իրենց աշխատողներին վերաբերվում են որպես ստրուկների, աշխատողներ, որոնք պետք է միայն ենթարկվեն, իսկ որ աշխատողին պետք է ուղարկես արտասահման, որ աշխարհ տեսնի, մտահորիզոն մեծացնի, լեզու սովորի, դա իրենց համար առաջնահերթություն չէ: Ա՛յ դա է տարբերությունը մեր եւ մյուս ինստիտուտների միջեւ: Եվ ընդհանրապես, գիտական դաշտում պետք է փաստերով խոսել»,-ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Հավելենք, որ Հայկ Դեմոյանի եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի միջեւ «փոխհրաձգությունը» տեւական ժամանակ է՝ շարունակվում է, ու Վահե Սարգսյանը Դեմոյանի հարցազրույցներն ընդդեմ Աշոտ Մելքոնյանի, որակել էր հարվածներ՝ իրենից անհամեմատ ուժեղին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Որքան ցավալի է, որ մեր ժողովրդի և պատմության համար կարևոր երկու մասնագետներ, Հայկ Դեմոյանն ու Աշոտ Մելքոնյանը, երկու սերնդակից պատմաբաններ, միմյանց հանդեպ այսպիսի ցածրորակ հարաբերությունների մեջ են, արդյոք չեն զգում, որ իրենց անձի հանդեպ եղած հարգանքը, որ կա հայ հասարակության մեջ կարող է փոխվել, անկախ նրանից թե ով է իրավացի, ով ոչ. միթէ չեն կարող մարդկային ճղճիմ կրքերից ավելի վեր լինել և եթե նույնիսկ տարաձայնություններ ունեն, լուծել ավելի քաղաքակիրթ ձևով, համենայն դեպս` իրենց արած գործին և իրենց մարդկային որակին վայել ձևով:
    Մի մոռացեք, որ ձեզ է նայում ամբողջ աշխարասփյուռ հայությունը, իրար վարկաբեկելով, առաջին հերթին ինքներդ ձեզ եք վնասում:
    Մի արեք Դուք մեզ համար շատ կարևոր անհատներ եք…..

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Գործից այնքան էլ տեղյակ չեմ, բայց Դեմոյանը տղամարդ աշխատակիցների մասին չի խոսում, հետևաբար Մելքոնյանը ճիշտ է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930