Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որին մասնակցում էր նաեւ ավագանու ընդդիմադիր անդամ, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա Ավետիսյանների դաժան սպանությանից հետո տեւական ժամանակ չէր մասնակցում նիստերին, քանի որ հրաժարվում էին ավագանու քվեարկությանը դնել նրա հեղինակած ուղերձը, որով նա Սերժ Սարգսյանից պահանջում էր գյումրեցիների անվտանգության համար երաշխիքներ:
Այսօրվա ավագանու նիստը՝ շնորհիվ Լեւոն Բարսեղյանի, անցավ բավականին ակտիվ՝ բուռն քննարկումներով: Օրակարգի հարցերից մեկը համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական երկու BMW մակնիշի մեքենաները աճուրդով օտարելու եւ աճուրդի մեկնարկային գին սահմանելու մասին էր:
Քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ասաց, քանի որ մեքենաները չեն օգտագործում, անընդհատ կանգնած վիճակում են, իրենք ստիպված գնահատել են տվել: Այժմ էլ խնդրում են ավագանու անդամներին համաձայնություն տալ հաշվեկշռից դուրս գրելու ու աճուրդով վաճառելու: «Մենք էլ հետ չենք մնում կառավարությունից, եթե ավտո ծախել, մենք էլ ենք ծախում»,- անկեղծացավ տիկինը:
Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հետաքրքրվեց, թե քանի՞ տարվա մեքենաներ են ու կոնկրետ ո՞ւմ էին սպասարկում: Հարցին պատասխանեց քաղաքապետ Սամվել Բալասանյանն՝ ասելով, որ 2000-2001 թվականների մեքենաներ են ու մեկ-երկու բաժնի պետերի տվել են, որոնք հետ են բերել՝ ասելով վերցրեք այս շառը. «Փչանում էին, բերում հետ էին կանգնեցնում»:
Կարդացեք նաև
Լենա Ջիլավյանն էլ ասաց, անվանը չխաբվենք, թե BMW են: Քաղաքապետը հակադարձեց նրան՝ ասելով. «Մի ասեք նման բան, տիկին Ջիլավյան, շատ լավ մեքենաներ են, ո՞վ է ուզում, թող առնի: Ինչքան շատ մարդ մասնակցի աճուրդին, այնքան կբարձրանա գինը, բյուջե գումար կմտնի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ