Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս մարզիկները զանգվածաբար խուսափում են դոպինգ անալիզ հանձնելուց

Հունիս 16,2016 16:03

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ ՎԱԴԱ-ն, տեղեկություններ է հրապարակել ռուսաստանցի մարզիկների՝ դոպինգ ստուգումներից զանգվածաբար խուսափելու մասին: Ավելի քան 700 ստուգում ձախողվել է տարբեր պատճառաբանություններով, այդ թվում նաեւ, որ մարզիկները գտնվում են զինվորական քաղաքներում, ուր դոպինգային լաբորատորիայի աշխատակիցները մուտք գործելու խնդիրներ ունեն:

Հաշվետվությունում ներկայացվում են Ռուսաստանում Բրիտանական հակադոպինգային գործակալության աշխատանքները, որը նոյեմբերից մինչեւ մայիսի վերջ, ընդհանուր առմամբ, ռուս մարզիկների 455 դոպինգ ստուգում է կարողացել իրականացնել (դրանցից 52-ը դրական արդյունք են տվել):

Իսկ ահա 736 դեպքում տարբեր պատճառներով փորձանմուշ վերցնել չի հաջողվել: Դոպինգ-սպաները երբեմն բախվել են այնպիսի իրավիճակների, երբ թեթեւ աթլետները չավարտելով վազքը՝ լքել են ստադիոնը, որպեսզի խուսափեն թեստ հանձնելուց:

ՎԱԴԱ-ի պնդմամբ, դոպինգ-սպաները չեն կարողացել փորձանմուշ վերցնել ինչպես Գրոզնիում անցկացված ծանրամարտի, այնպես էլ Վլադիկավկազում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունների մասնակիցներից: Նրանց  չեն թողել այդ քաղաքներ այցելել՝ պատճառաբանելով, որ այդ տարածաշրջաններում լարված իրադրություն է:

Ավելին, մի մարզուհի փորձել է նմուշ հանձնելիս ենթադրյալ մաքուր մեզը լցնել նախապես մարմնում տեղադրված պարունակից, սակայն հեղուկը  հատուկ սրվակի մեջ լցվելու փոխարեն թափվել է հատակին: Իսկ երբ բռնվել է, փորձել է պարունակը թաքցնել եւ կաշառել լաբորատորիայի աշխատակցին:

Հաշվետվությունը նաեւ ցույց է տվել, որ կառավարամետ զինված գործակալները Բրիտանական հակադոպինգային գործակալության աշխատակիցներից բազմիցս լրացուցիչ փաստաթղթեր են պահանջել, վախեցրել ու սպառնացել են երկրից վռնդել, իսկ մարզիկների հետ աշխատող բժիշկներն ու մյուս աշխատակիցները հաճախ խանգարել են պարտականությունները կատարել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930