«Տեղի է ունենում ՀՀ-ի, ՌԴ-ի, Ղազախստանի եւ Բելառուսի ՀՕՊ համակարգերի միասնական կոորդինացում: Ղազախստանը եւ Բելառուսը մտնում են այս միավորված համակարգի մեջ: Իսկ թե ով է ղեկավարում եւ որոշում ընդունում ՀՀ-ում, ասված է` հայկական կողմը: Իմիջիայլոց, ՀՀ ՀՕՊ ենթակայության տակ են ռուսական բազաները»,-հունիսի 16-ին «Մեդիա Կենտրոնում» մեկնաբանելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագիրը, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Նա հստակեցրեց, որ ըստ համաձայնագրի` Ղազախստանը չի կարող համակարգել ՀՀ-ի եւ ՌԴ-ի գործողությունները. «Երբ Ղազախստանը տեսնում է Կասպից ծովը, Ադրբեջանը եւ ինքնաթիռների բոլոր թռիչքները, այդ տեղեկատվությունը գնում է ՌԴ, այնտեղից` գալիս մեր մոտ: Սա է նշանակում միասնական կոորդինացում»:
Հարությունյանի խոսքով` Հայաստանի պես ՀՕՊ համակարգ չունի ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը. «Ունենք միջոցներ, որոնք չունի անգամ Թուրքիան: Այս համաձայնագիրը բխում է ՀՀ շահերից, ապահովում է մեր անվտանգությունը, ուժեղացնում մեր անկախությունն ու ինքնիշխանությունը: Համաձայնագրի համատեղ կոորդինացման համակարգը գործում է միայն ագրեսիայի դեպքում, եթե ՀՀ-ի կամ ՌԴ-ի հանդեպ ագրեսիա է տեղի ունենում: Եթե ՌԴ-ն պատերազմ է հայտարարում, օրինակ, Ուկրաինային, մենք չունենք այստեղ անելիք, որովհետեւ դա ագրեսիա չէ ՌԴ-ի դեմ: Եթե Ադրբեջանն է դիմում ագրեսիայի մեր դեմ, համատեղ կոորդինացման համակարգը գործում է: ԼՂՀ-ում այն չի գործում, որովհետեւ ԼՂՀ-ն չի մտնում ՀՀ-ի կազմում: Հետեւյալ հարցն է առաջանում` բա որ մենք պատերազմի ժամանակ Ադրբեջանի ավիացիայի հիսուն տոկոսը ոչնչացրել ենք, ի՞նչ միջոցներով ենք ոչնչացրել: Պատասխանում եմ` մեր միջոցներով: Ուժեղացնելով ՀՀ հակաօդային պաշտպանությունը, այստեղ բերելով ռուսական ՀՕՊ միջոցներ, հնարավորություն ենք ստանում ուժեղացնել Ղարաբաղը, ինչի մասին պարզ ասում ենք»:
Արտակ Զաքարյանը եւս փաստեց, որ ԼՂՀ-ն պաշտոնապես նշյալ համաձայնագրի մաս չէ, բայց ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովողը. «Անկախ նրանից` ինչ համաձայնագրեր ունենք, մեր համար չկա կաշկանդող բան: ԼՂՀ-ին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում համապատասխան գործողություններ կիրականացվեն` նաեւ օդային տարածքում: ԼՂՀ անվտանգությունը ՀՀ անվտանգության անքակտելի բաղադրիչն է»:
Կարդացեք նաև
Վաղարշակ Հարությունյանն էլ իր հերթին հավելեց, որ պատերազմական իրավիճակում հայ-ռուսական զորքերի օգտագործման համատեղ ծրագիրն է գործում. «Կողմերը որոշում են` պատերազմի դեպքում ինչ է լինում: Օրինակ, «Էրեբունի» ռազմաբազայում ունեցած ինքնաթիռները դառնում են 40, 60, 80…Համաձայնագրում նշված է` եթե կա սպառնալիք, հայկական կողմը որոշում է ընդունում, եւ ինքնաթիռները կամ զենիթահրթիռային համակարգերը խոցում են թիրախները: Թուրքիայի սահմանից մինչեւ Երեւան ժամանակակից ինքնաթիռն անցնում է 1,5 րոպեում: Հասկանալի է, չէ՞, թե ինչ արագ որոշում պետք է ընդունվի, եթե անհրաժեշտ լինի այն խոցել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ