Գրականագետ Դավիթ Գասպարյանն առաջարկում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին դասել ազգային դավաճանների, ազգուրացների շարքը:
Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ Արամ արքեպիսկոպոսը ասել էր, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձեւը «ափսոսանք» է առաջացրել:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Գասպարյանը վրդովվեց. «Նա ոչ թե Աստծուն, այլ սատանային է ծառայում, քանի որ Աստված ասում է սուտ վկայություն մի տուր, սուտ մի խոսիր, խաբեությամբ մի զբաղվիր»:
Ըստ գրականագետի`ավելի վճռական ու խիստ պետք է վարվել նման դեպքերում, անգամ մինչև կարգալույծ անելը: Դառնալով Հայ առաքելական եկեղեցու այն պատճառաբանությանը, թե արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անել չեն կարող, պարոն Գասպարյանն ասաց. «Հսկայական դիվանագիտական աշխատանք է տարվում, բայց մի հայ վեր է կենում և ծառայելով այդ երկրի տիրոջը, որտեղ ապրում է, սրբապիղծ բաներ է ասում: Եկեղեցու գործերին խառնվելը բարդ ու դժվար է, բայց հիշենք, որ անցյալ տարի երեք հայ տղամարդիկ եկան Հայաստան, ուզեցին վերամկրտվել, կրկին այս մարդը թույլ չտվեց: Այդ կարգի խնդիրները պետք է առանձին, անհատական որոշումով լուծվեն: Եկեղեցին առանձին դեպքերում կարող է ճանապարհ գտնել կարգալույծ անելու համար»: Դավիթ Գասպարյանը վստահ է` «այս մարդը պետք է հայությունից հեռանա»:
Կարդացեք նաև
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի բնորոշմամբ` Արամ Աթեշյանի կատարածը սուտ վկայություն է: Նա նկատեց. «Հաճախ ամեն ինչ արդարացվում է քաղաքական իրավիճակով, թե ավելի լավ է չջղայնացնել, չզայրացնել: Նույն գաղափարախոսությունը կար հրեաների մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. արդյունքում հայտնվեցին գազային մեկուսարաններում և ստացան Հոլոքոստ»:
Դավիթ Գասպարյանը հիշեցրեց պատմությունը ու ցավով նշեց, որ նման դավաճաններ էլի ենք ունեցել. «Այս կարգի դավաճաններ 1915-ին էլ են եղել: 1915-ի ապրիլի 24-ին մտավորականների սև ցուցակը, որ հավաքեցին, կազմվել է հայի ձեռքով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ