ՀՀԿ-ում այս պահին նպատակահարմար չեն համարում հրաժարվել բաց ցուցակներով՝ վարկանիշային քվեարկություններից, բայց պատրաստ են հարցը քննարկել, 2022-ի խորհրդարանական ընտրություններին անգամ գնալ համամասնության ավելի նվազման`հօգուտ համամասնական ցուցակների: Aravot.am-ի եւ Hraparak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը`պատասխանելով հարցին` ինչո՞ւ է ՀՀԿ-ն շարունակում անդրդվելի մնալ ընդդիմության համար այդքան կարեւորագույն`վարկանիշային քվեարկությունների հարցում:
Հիշեցնենք, երեկ վերսկսված «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ, իշխանությունը հայտարարել է, որ պատրաստ է ընդառաջ գնալ ընդդիմության հինգ պահանջներից չորսին:
«Եթե հինգ վիճելի կետերից չորսին մենք եկել ենք համաձայնության, եթե 100 տոկոսանոց էդ ձեւաչափի մեջ վերցնենք, ապա 90 տոկոսի հարցում մենք կարծես թե գնացել ենք ընդառաջ։ Հիմա եթե խնդիրը էս 10 տոկոսի մեջ է, ես որևէ խնդիր չունեմ նաեւ այդ 10 տոկոսի մասով քննարկելու: Բայց էստեղ մենք ունենք մեր պատկերացումները։ Բոլոր դասագրքերում նշված է, որ համամասնական ընտրակարգի միակ թերությունը ընտրողների հետ կապն ապահովելն է։ Եվ մենք միանգամից անցում ենք կատարում 100 տոկոս համամասնական ցուցակներով ընտրություններին, էստեղ մի փոքր կարող է խառնաշփոթ, տարբեր խնդիրներ առաջանան»:
Լրագրողի հարցին`այս կետի չհամաձայնեցման դեպքում խնդիր չի՞ առաջանա ԵՄ-ի ֆինանսավորման համար, քանի որ անուղղակի ասվեց, որ եթե լիարժեք կոնսենսուս չլինի, չեն ֆինանսավորի:
Կարդացեք նաև
«Գլխավոր խնդիրը մեր քաղաքական ուժերի, հասարակության կողմից ճիշտ պատկերացումների եւ վստահության հարցն է: Բայց ես չեմ կարծում, որ դա կխանգարի ֆինանսավորմանը, որովհետեւ ֆինանսավորումը վերաբերում է բացառապես տեխնիկական միջոցներին, դրանց ապահովմանը։ Իսկ քաղաքական հարցերում ես չեմ կարծում, որ որեւէ այլ երկիր իրավունք ունի որեւէ այլ երկրի ներքին քաղաքական հարցերին խառնվել»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ