Այսօր երեկոյան ուշ կամ վաղն առավոտյան Ընտրական օրենսգրքի շուրջ վերսկսված «4+4+4» ձեւաչափի մասնակիցները համատեղ հայտարարությամբ հանդես կգան`ձեռք բերված համաձայնությունների մասով: Այդ մասին, Aravot.am-ի եւ Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ վերսկսված քննարկումների ժամանակ, իշխանական կողմն առաջարկներ էր ներկայացրել, որոնցով համաձայնություն է տրվում ընդդիմության նախապես ներկայացրած հինգ պահանջներից չորսին: Իշխանությունը դեռեւս անդրդվելի է մնում ռեյտինգային քվեարկության հարցում:
Aravot.am-ի հարցին`եթե իշխանությունն ի վերջո պետք է ընդառաջ գնար ընդդիմության պահանջներին, ի՞նչն էր խանգարում դա անել քննարկումների առաջին փուլում եւ ոչ թե նախագծի ընդունումից հետո եւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու միջնորդությամբ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Այդպես անվերջ հարցեր կարելի է ձեւակերպել`ինչո՞ւ է արեւը բացվում լուսաբացին, հետո մայրամուտ լինում … Խնդիրը հետեւյալն է`մենք այդ հարցերի հետ կապված առաջին փուլում էլ համաձայնություն տվել ենք, միայն ասել ենք, որ պետք է լինեն նաեւ տեխնիկական ապահովվածության երաշխիքներ, նաեւ մասնագետների հավաստիացումներ, որ այդ կարճ ժամանակահատվածում հնարավոր է այդ ամենն իրականացնել»:
Այս ընթացքում հնարավոր է եղել լուծել տեխնիկական ապահովվածության համար անհրաժեշտ ֆինանսական հարցերը եւ մասնագիտական հավաստիացումներ ստանալ:
Կարդացեք նաև
Հովհաննես Սահակյանը մանրամասնեց`ընտրություններին մասնակից 1,5 միլիոն մարդ կա Հայաստանում, որոնք նույնականացման քարտեր չունեն: Բանակցությունները հաջողությամբ ավարտվել են, կան կազմակերպություններ, որոնք կարող են սահմանված ժամկետում անհրաժեշտ քանակն ապահովել։ Ֆինանսական հարցերն էլ, ինչպես հայտնի է, իր վրա է վերցրել ԵՄ-ն:
Հովհաննես Սահակյանն ասում է նաեւ, որ այս ընթացքում այդ վիճելի հարցերի շուրջ իշխանության եւ ընդդիմության տեսակետներն ավելի են մոտեցել:
Ընդդիմության պահանջներից մեկն էլ, որին իշխանությունն ընդառաջ է գնացել, ընտրական գործընթացի տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումն է։ Ինքը` Հովհաննես Սահակյանը, դեմ է դրան. «Դա ուղղակիորեն նպաստելու է ուղղորդված ընտրությունների անցկացմանը: On line կդիտեն, կզանգեն կասեն՝ ես քեզ հետևում եմ, տեսա, որ անցար, հատուկ սարք ենք տեղադրել, տեսնում եմ, թե ում ես քվեարկում: Դե գա ու քվեարկի»։
Aravot.am-ի հարցին` մտավախություն ունեն, որ ընդդիմությունը կկեղծի՞ ընտրությունները, Հովհաննես Սահակյանն ասաց․ «Չէ, մենք չենք ասում՝ ով կկեղծի, մենք մտավախություն չունենք՝ իշխանությունն է կեղծելու, թե ընդդիմությունը։ Մենք ուզում ենք էնպիսի ընտրական օրենսգիրք լինի, էնպիսի մեխանիզմներ, որ սողանցքներ կամ այլ խնդիրներ չլինեն։ Հիմա իմ մտավախությունը՝ ոչ թե ընդդիմությունը կկեղծի կամ մյուսը, բոլորն էլ կարող են կեղծել հավասարապես։ Ես հեռու եմ էն մտքից, որ ընդդիմությունը չի կարող օգտվել համակարգչից, ուղիղ հեռարձակմամբ հետևի եւ բջջայինով զանգահարի, ուղղորդի: Բոլորն էլ կարող են ուղղորդել»։
Դիտարկմանը, որ Հանրապետականի «անունն է դուրս եկել», ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Գողը միշտ առաջինն է գոռում՝ գողացան…»։ Նա պնդում է, որ ՀՀԿ-ում հասկանալով, որ սոցիալական խնդիրներ կան, որոնց հետեւանքով էլ անվստահություն է առաջացել իշխող ուժի հանդեպ, իրենք գնացել ենք ընդառաջ` փորձելով կարգավորումներ գտնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ