Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ օդային տարածքի պատասխանատուն եղել եւ լինելու է ՀՀ ՀՕՊ համակարգը». Արտակ Զաքարյան

Հունիս 16,2016 14:58

«Ապրիլյան ռազմական իրադարձությունների ժամանակ մենք տեսանք, որ ունենք մեկ հենարան` ՀՀ ազգային բանակը: Արտաքին քաղաքական միջավայրը ոչ այնքան համարժեք էր վերաբերվում այդ զարգացումներին: Անկախ ամեն ինչից` հայ-ռուսական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական գործակցությունը չի դադարում: Որքան ՀՀ-ի ռազմատեխնիկական հարաբերությունները թույլ լինեն, այնքան Ադրբեջանն ավելի է փորձելու իր ռազմական կարողությունները կիրառել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության դեմ: Հետեւաբար, ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին փաստաթղթին պետք է նայել այն տեսանկյունից, ինչ ասվում է համաձայնագրում,-«Մեդիա Կենտրոնում» այսօր` հունիսի 16-ին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա հստակեցրեց, որ նշյալ ՀՕՊ համաձայնագրում ասվում է. «ՌԴ-ն ունի իր համակարգերը, ՀՀ-ն` իր: Որոշակի խնդիրներ ՌԴ-ն չի կարող լուծել առանց ՀՀ-ի հետ գործակցության, ՀՀ-ն էլ չի կարող լուծել առանց ՌԴ-ի հետ գործակցության: Բնական շահերի տիրույթում անհրաժեշտություն է առաջացել բանակցել այս փաստաթղթի շուրջ, որը երկու-երեք տարի լուրջ բանակցային գործընթաց է անցել: Օբյեկտիվ փաստաթուղթ է, որը կնքվել եւ ստորագրվել է մինչեւ ապրիլյան իրադարձությունները, ապա եկել ԱԺ: Նպատակն է` համատեղ գործողություններով կարողանալ համարժեք պատասխան տալ ՀՀ եւ ՌԴ օդային տարածքում ի հայտ եկող սպառնալիքներին: ՀՀ օդային տարածքի համար պատասխանատուն եղել եւ լինելու է ՀՀ ՀՕՊ համակարգն իր հրամանատար կազմով, որոշումներ կայացնողն էլ լինելու է ՀՀ-ն»:

Զաքարյանը համաձայնագրի ընդդիմախոսներին խորհուրդ տվեց պարզապես կարդալ փաստաթուղթը. «Այս համաձայնագիրը ոչ թե խնդիր է, այլ լուծումն է այն հարցի, որի այլընտրանքային լուծումը մենք չունենք: Ժամկետի ավարտից հետո համաձայնագիրը կարող է դադարել, եթե կողմերը համապատասխան գործողություններ չիրականացնեն այն շարունակելու համար: Համաձայնագիրը չմտավ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ, քանի որ Կառավարության կողմից չի ներկայացվել որպես արտահերթ քննարկվող խնդիր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա Կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930