Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երկօրյա այցով մեկնել է Գերմանիա, մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ ու ելույթ ունեցել վրաց-գերմանական գործարար համաժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է Agenda.ge-ն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են հրավիրել։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իր երկիրն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։
Վրաստանի վարչապետը խոսել է նաև միջազգային ահաբեկչության մասին՝ ասելով. «Մենք փոքր երկիր ենք, բայց աջակցում ենք Եվրոպային և ՆԱՏՕ-ին՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։
Վարչապետ Կվիրիկաշվիլին ասել է նաև, որ Մերկելի հետ քննարկել են տարածաշրջանային հակամարտություններին, ինչպես նաև վրաց-ռուսական հարաբերություններին վերաբերվող հարցեր։
Կարդացեք նաև
Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման արդյունքների մասին արտահայտվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ասելով. «Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանը պրագմատիկ քայլեր է կիրառում»։ Կանցլեր Մերկելը նշել է նաև, որ Գերմանիան անվերապահորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ նկատի ունենալով Աբխազիան և Հարավային Օսեթիան։
https://www.youtube.com/watch?v=S4Al2_TfFNQ
Վրաստանի վարչապետը ելույթ է ունեցել նաև վրաց-գերմանական գործարար համաժողովի ընթացքում, որի ամբողջական տեսագրությունը՝ ստորև։