ԱԺ-ում երեկվանից քննարկվում է ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված Գյումրու քաղաքային ճանապարհների բարեկարգման վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Ընդդիմադիրները դեմ արտահայտվեցին վարկին՝ ասելով, որ պարտքով ճանապարհ չի կարելի անընդհատ կառուցել, գյումրեցիները արտագաղթում են, որովհետեւ գործ չկա, աշխատատեղ չունեն, դուք քաղաքի լուսավորության համար միլիոնների պարտք եք վերցնում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ հակադարձեց ընդդիմադիրներին. «30 տարի առաջ Գյումրին եղել է այն կարգի գեղեցիկ քաղաք, որ քաղաքի բյուջեն ծախսվել է բարեկարգման, Գյումրիի գեղեցկացման եւ ծառերի տնկելու, ծաղիկների նորացման վրա: Այսպիսին է եղել Գյումրին եւ այսօր այն հսկայական տարբերությունը չնկատել հնարավոր չէ: Դրանով է պայմանավորված Գյումրիում տրամադրության անկումը, փոփոխությունը, միգուցե դա է պատճառը, որ Գյումրիի խնդիրները սուր են ընկալվում»:
Նաիրա Կարապետյանը նաեւ իր գործընկերներին խնդրանքով դիմեց. «Գյումրեցու կերպարը ներկայացնել ոչ թե թշվառ, կոտրված, խնդրող: Այո, այսօր կան դժվարություններ, գյումրեցիները կարիքների մեջ են, բայց ո՞ր քաղաքը չունի կարիք՝ Վայքը չունի, Վանաձորը չունի, Ջերմուկը չունի, Երեւանը չունի, պետք չի գյումրեցուն ներկայացնել թշվառ, գյումրեցին հպարտ, թասիբով է: Գյումրեցին այն գյումրեցին է, որը նվիրված է իր ծննդավայրին եւ այս դահլիճում ծնունդով, արմատներով գյումրեցիները չեն կարողանում անտարբեր մնալ: Պետք չի նախատել խորհրդարանին, որ պետք չի զբաղվել ծննդավայրով, պետք է զբաղվել հանրապետության բոլոր քաղաքներով: Մենք զբաղվում ենք, անհոգ եղեք»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ այս վարկի լավ կողմերը շատ են. «Վարկը կբերի Գյումրիում տրամադրության փոփոխության, կլինեն Գյումրիում մայթեր, ճեմուղիներ, որ գյումրեցիները դուրս գան, կարողանան փոխել իրենց առօրյան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ