Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ տունը գրավ չեմ դնի, իսկ դուք Հայաստանը գրավ եք դնում». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

Հունիս 16,2016 12:57

ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված Գյումրու քաղաքային ճանապարհների բարեկարգման վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն է քննարկվում ԱԺ-ում:

Իր ելույթում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ անդրադարձավ Վարդան Այվազյանի պահվածքին՝ Բագրատյանի հետ վեճի հետ կապված. «Ուժեղ եղեք այնքան, որ լսեք կարծիք: Պարտադիր չի ամեն կարծիքի վրա ցույց տալ, որ իշխանությունների կողմն եմ եւ պարտավոր եմ կարծիքի վրա խոսալ: Ես Հրանտի ելույթը շարունակում եմ՝ ՀՀ-ի համար խոշորացումը վնաս է, ունե՞ք հակառակ կարծիքը՝ հարգում եմ, բայց ոչ մեկդ դատավորի կեցվածք մի՛ ընդունեք»:

Արամ Մանուկյանը շնորհավորեց գյումրեցիներին վարկի համար, բայց ասաց՝ դեմ եմ վարկին. «Եթե գումար կար, գյումրեցիների համար արտադրություն էր պետք ստեղծել: Փողոցների լուսավորությունը չի պահելու գյումրեցու արտագաղթը: Ուզում ես գյումրեցուն հողի վրա պահես՝ աշխատավարձ տուր, գործ տուր, արտադրություն, զարգացում տուր: Մեր վարկերը սպառողական վարկեր են, թամբալ մարդու վարկեր են: Վերցնում եք անպատասխանատու ձեւով՝ մուծողն ուրիշն է լինելու: Մարդը որ վարկ է վերցնում, իր տունը գրավ է դնում: Ես իմ տունը գրավ չեմ դնի, իսկ դուք Հայաստանը գրավ եք դնում, էս ա տարբերությունը: Ստորագրում եք վարկերն ու դուք թռնելու եք, փախնելու եք: Ոչ մի վարկ ստորագրողի չեն դատել, բայց երբ որ տան տղամարդը վարկը չի փակում, գալիս են տունը տանում են: Գողականով էլ ուրիշ ձեւեր կան պարտքը չփակելու համար: Մեր պարտքերը չփակելու համար ո՞վ է պատժվելու»:

Նա ասաց, որ Գյումրիի ինչի՞ն է պետք ասֆալտապատ, սիրուն ճանապարհը, ամեն գյուղից ավտոբուս է գնում. «Բերեք ասֆալտը փռեք, էդ ասֆալտով ավելի արագ կգնա, հետո՞»:

Արամ Մանուկյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հակադարձեց. «ՀՀ-ն պարտքային բեռի իմաստով անհանգստացնող գործընկեր չէ միջազգային կառույցների համար: Մենք համարվում ենք նվազ պարտք ունեցող երկիր: Հուսալիությունը մենք չենք կորցրել, երբեւէ չի եղել նման բան, որ Հայաստանը վարկերը, պարտքերը վերցրել է ու չեն փակվել: Մենք համարվում ենք պարկեշտ եւ հուսալի գործընկեր: Դրանով է պայմանավորված այն, որ միջազգային կառույցները համաձայնություն են տալիս վարկավորելու մեզ: Իսկ այն, որ մեր գործընկերներին բոլորովին էլ պետք չի, որ մեր քաղաքները բարեկարգված լինեն եւ մարդիկ բարելավված վիճակում ապրեն, դա մեզ շատ պարզ ու հասկանալի է: Մեր գործընկերներից որոշների համար ինչքան վատ, այնքան լավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930