2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի նույնասեռականների ակումբներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Թուրքիայի նույնասեռականները նախատեսում են 2016թ. հունիսի 19-ին և 26-ին ցույցեր կազմակերպել՝ ի պաշտպանություն նույնասեռականների։ Նախաձեռնության հեղինակները մի քանի օր է` լուրջ սպառնալիքներ են ստանում իրենց այդ մտադրության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ակօսը»։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում թեմային անդրադարձել է այդ երկրի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայազգի պատգամավոր Սելիան Օզուզուն Դողանը՝ Ստամբուլի նահանգապետարանին և անվտանգության մարմիններին կոչ անելով ապահովել այդ նախաձեռնության հեղինակների անվտանգությունը։
Այս կոչից բացի` Դողանը քննադատել է Օրլանդոյում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Անդրադառնալով առաջիկայում Ստամբուլում սպասվող ցույցերին, Դողանը հիշեցրել է, որ դրանք տեղի են ունենում ամենաամյա պարբերականությամբ և մշտապես ուղեկցվում են բռնություններով. «Անցյալ տարի շատ ծանր բռնությունների ենթարկվեցին (ցույցի մասնակիցները,-խմբ.) ոստիկանության կողմից։ Մենք չենք ուզում այս տարի ևս վերապրել այդ տեսարանները։ Նույնասեռականների կյանքի իրավունքի համար շատ լուրջ սպառնալիքներ կան։ Այստեղից կոչ եմ անում Ստամբուլի նահանգապետարանին և ոստիկանությանը՝ ստանձնեք նույնասեռականների հիմնարար իրավունքների իրականացման համար անհրաժեշտ պատասխանատվությունը»։