Այսօր Մատենադարանում մեկնարկեց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովը:
Այն կընթանա հունիսի 15-18-ը: Հայաստան են ժամանել շուրջ 40 միջազգային մրցույթների (Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի, Մոնրեալի միջազգային մրցույթներ և այլն) տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Ֆեդերացիայի նախագահ Դիդիեր Շնոխքն առաջին անգամ է Հայաստանում, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ հայաստանյան այլ մրցույթների տեղյակ չէ, բայց արտասահմանյան մրցույթներին մշտապես հայերը մասնակցում են, և ֆեդերացիայի անդամները գիտեն, որ հայերը տաղանդավոր են և միշտ շատ լավ են ներկայացնում Հայաստանը. «Արամ Խաչատրյան մրցույթը միշտ շատ լավ արդյունք է ցույց տվել, մասնակիցները մշտապես շատ հետաքրքիր և տաղանդավոր էին, այդ պատճառով ոչ մի խնդիր չունեինք այս մրցույթը չներգրավելու մեր կազմի մեջ: Կարծում եմ՝ մրցույթն արդեն իսկ հայտնի է. ամեն տարի ներկայանում են հայտնի երաժիշտներ, փորձառու մասնակիցներ և այս տարի Արամ Խաչատրյանի անունը շատ է ակնարկվում. սա հաղթանակ է Հայաստանի համար»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ այն փաստին, որ սա մեծ ձեռքբերում է մեզ համար, քանի որ տարածաշրջանում Հայաստանը հանդիսանում է միակ պետությունը, որ մտավ ֆեդերացիայի կազմ. «Հայաստանն ընդգրկվեց մեծ երաժշտական ընտանիքի մեջ: Սա միջոց է ծանոթանալ մեր երկրի հետ: Այս տարածաշրջանը միշտ իդենտիֆիկացվում է պրոբլեմների, պատերազմների հետ, շատ հաճախ մարդիկ չեն գիտակցում՝ ինչպիսի մշակույթ կա այս երկրում: Այս կարգի համաժողովները նաև այս խնդիրն են լուծում:
Կարդացեք նաև
Սա նաև մեր ստեղծագործական կոլեկտիվների համար է ճանապարհ բացում. հյուրերն իրենց գոհունակությունն էին հայտնում Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարողական որակից: Նշանակում է՝ այս նվագախումբը իր միջազգային համագործակցության շրջանակներում կունենա այլ առաջարկներ մոտ ապագայում»:
Aravot.am-ի այն հարցին, թե կան արդյոք նոր առաջարկներ հայաստանյան երաժիշտներին, նվագախմբերին, նախարարը պատասխանեց.«Մասնավոր զրույcներից պարզ է դառնում, որ տարբեր կարգի առաջարկություններ են լինելու, քանի որ յուրաքանչյուր փառատոնի տնօրեն ունի իր տեսակետն ու մոտեցումը: Ըստ էության այսպիսի հնարավորություն, ցուցադրելու քո կատարողական արվեստը, դասական երաժշտությունը մի հարթակում և ուշադրություն հրավիրելու առաջին անգամ տեղի ունեցավ անցյալ տարի մեկ բեմում՝ Կաննի միջազգայիներաժշտական փառատոնի ընթացքում, որտեղ Հայաստանը ներկայացված էր պատվավոր հյուր: Ակնհայտ է, որ փառատոնից հետո եղան մի շարք ծրագրեր՝ հյուրախաղեր, ձայնագրություններ արտերկրում, տարբեր երաժշտական խմբերի հրավերներ: Բնականաբար այս վեհաժողովի ներկայացումը Հայաստանում առավել ակտիվ գործընթացների կբերի»:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ այժմ Հայաստանում համախմբվել են աշխարհի լավագույն միջազգային մրցույթների ներկայացուցիչները, բոլոր այն մրցույթները, որոնք ունեն մեծ հեղինակություն երաժշտական ասպարեզում. «Մեզ համար շատ կարևոր և առաջնային է այն հարցը, որ Արամ Խաչատրյանը հնչի նաև այդ հեղինակավոր մրցույթների շրջանակներում: Յուրաքանչյուր միջազգային մրցույթ ունի իր պարտադիր ծրագիրը, որից մասնակիցը կարող է ընտրել, և ցավոք սրտի պետք է նշել, որ այս պահի դրությամբ Խաչատրյանի կոնցերտները ներառված չեն այդ հեղինակավոր մրցույթների ցանկերի մեջ: Կարող եմ վստահեցել, որ Խաչատրյանը հնչելու է, որակով է հնչելու և հեղինակավոր համերգասրահներում ներկայանալու է իր ավանդով, որ թողել է մեզ»:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է 2013թ.ից:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ