Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Պուտինը հետաքրքրված չէ կարգավորմամբ. «168 ժամ»

Հունիս 16,2016 12:18

«Հունիսի վերջին կկայանա Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը»,- այսպես էր օրեր առաջ մեկնաբանել քառօրյա պատերազմից հետո հակամարտող երկրների նախագահների երկրորդ հանդիպման ժամանակացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Թեև հայկական և ռուսական մամուլում տարածվել էին տարատեսակ տեղեկություններ հանդիպման վայրի ու ժամանակացույցի վերաբերյալ, դրանք պաշտոնապես հաստատվել են, ըստ էության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի կողմից, ով ռուսական մամուլին տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ հետո տեղի կունենա եռակողմ հանդիպում Ղարաբաղի հարցի շուրջ։

«168 ժամը» հանդիպման մասին զրուցեց ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզայի հետ։

– Պարոն Բրայզա, Վիեննայում Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի հանդիպումից հետո հերթական նախագահական հանդիպումը ծրագրվում է անցկացնել առաջիկա օրերին։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ հանդիպումը կկազմակերպվի Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում, որի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն որոշ արտահոսքեր թույլ տվեց։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարելի է սպասել նախատեսվող հանդիպումից՝ հաշվի առնելով նաև ՌԴ-ում դրա անցկացման փաստը։

– Նմանատիպ հանդիպումը կլինի Վիեննայի հանդիպման շարունակությունը։ Առաջիկա հանդիպումը նախագահներին հնարավորություն կտա վերսկսել քաղաքակիրթ երկխոսություն՝ ստեղծելով հիմք հետագայում շրջանակային համաձայնագրի համար, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա։

Լավ է, որ նրանք հանդիպելու են։ Կարծում եմ, որ սա նաև ազդանշան է այն մասին, որ նախագահ Պուտինը փորձում է լցնել այն դիվանագիտական բացը, որը թողել էր Օբամայի աշխատակազմը՝ իր հարաբերական լռությամբ ապրիլյան բռնության ընթացքում և դրանից հետո։

Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Պուտինը հետաքրքրված չէ կարգավորմամբ, բայց նա նվազագույնը կարող է ձևավորել կառուցողական երկխոսություն Սարգսյանի և Ալիևի միջև, դա ողջունելի կլինի։

Բայց չի լինի կարգավորում, եթե լինի Ռուսաստանը միայնակ, ինչպես Պուտինն է ցանկանում։ Նա ցանկանում է սեփական ուժերով ղեկավարել գործընթացը, բայց կարծում եմ՝ ոչ մի կողմ չի վստահի նման տեսակի բանակցություններին, նրանք կցանկանան հավասարակշռություն Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930