Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց համայնքների խոշորացման մասին կառավարության նախագիծը: Մինչ քվեարկությունը` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց հետաձգել նախագծի քվեարկությունը՝ ասելով, որ հիմա խոշորացումն արդարացված չէ. «Մենք փոքր համայնքները հակադրում ենք խոշոր համայնքներին: Մեղրիի 15 համայնքներ միավորում ենք, ստեղծում ենք մեկ համայնքային իշխանություն: Սա աննախադեպ բան է այդքան մեծ տարածքի վրա ունենալ մեծ համայնք: Ես կոնկրետ դեմ եմ քվեարկելու»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կառավարությունն ընդունել է իրենց առաջարկը եւ Բերդավանն ու Կողբը չեն միանա, այլ լուծում են գտնելու:
Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ Աշոցքի եւ Ամասիայի համայնքների միավորմանն է դեմ, ուստի կոչ արեց նախագիծը այնուամենայնիվ հետաձգել. «Եթե այս տեսքով դրվի քվեարկության, ես դեմ եմ լինելու: Թացը չորի հետ չխառնենք, փոխենք, նոր դնենք քվեարկության»:
Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ «Փոքր համայնքներում են հիմնականում կեղծիքներ անում: Առաջ ՀՀՇ-ի համար էին դրանք շտաբեր, հիմա՝ ՀՀԿ-ի»: Խաչատուր Քոքոբելյանն էլ հեգնեց, թե ՀՀՇ-ին չեք կարողանում մոռանալ: Ըստ Խաչատուր Քոքոբելյանի, փոքր համայնքները դպրոց պահելու նման մի բան են, նա առաջարկեց հետաձգել նախագծի քվեարկությունը:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Սահմանադրությունից մեջբերեց, որ պարտավոր են լսել համայնքների կարծիքը. «Ես գիտեմ, որ չի անցել Սահմանադրությունը, չեք հարգում այն, բայց սա գործող թուղթ է»:
Հրանտ Բագրատյանն էլ ասաց. «Գյուղ դատարկել չի կարելի: Նույնիսկ եթե գյուղում կա 10 մարդ, դպրոց պետք է լինի ու պիտի աշխատենք: Էրդողանը 23 մլրդ դոլար փող է տալիս գյուղերին՝ դոտացիայի տեսքով: Սահմանել է գյուղական ուսուցիչների աշխատավարձը իր աշխատավարձի չափ: Մարդիկ հասկանում են, որ դա ստրատեգիական կարեւոր կետ է: Չի կարելի 2 կոպեկի համար բռնել համայնք վերացնել: Անգամ եթե գյուղը համաձայն է, չի կարելի դա անել: Դա տարաբնակեցում է կոչվում՝ պատմականորեն ձեւավորված: Գնացեք կանգնեք կողքերին, դարձրեք ամուր բերդ, զենք տվեք ձեռքները»:
Բագրատյանից հետ Վարդան Այվազյանն արձագանքեց. «Ցավոք սրտի կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքի բովանդակությունից»:
Հրանտ Բագրատյանը պոռթկաց ու բղավեց նրա վրա:
«Հանգիստ նստի տե՛ղդ, վունդերկինդ, հանգիստ»,- գոռաց Վարդան Այվազյանը
Գալուստ Սահակյանը փորձեց կրքերը հանդարտեցնել. «Ընդմիջմանը կխոսաք»:
Բագրատյանը նրան հրավիրեց դուրս՝ «Զզվցրիք արդեն»: Այվազյանը կարծես հրավերքն ուզում էր ընդունել. «Ե՞րբ եք ուզում: Էս «Օզվերին» կերածներին հանգստացրեք, հա՞, թե չէ ես կհանգստացնեմ»:
«Արի՛ հանգստացրու»,- ասաց Բագրատյանն ու նետվեց դեպի Վարդան Այվազյանը: Նրան փորձեցին բռնել Խաչատուր Քոքոբելյաննն ու Վահրամ Բաղդասարյանը: Վարդան Այվազյանն էլ իր հերթին նետվեց դեպի Բագրատյանը: ԱԺ-ում քիչ էր մնում ծեծկռտուք լիներ՝ փոքր թեմայից: «Վարդա՛ն, հետ արի՛, Վարդա՛ն»,- կանչում էին պատգամավորները:
Ի վերջո, վեճը կանխվեց: Իսկ համայնքների խոշորացման նախագիծն ընդունվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ