Հայաստանում գործազրկության մակարդակը մինչ այս հրապարակված պաշտոնական ցուցանիշից առնվազն կրկնակի անգամ բարձր է, եւ այս փաստը տարիներ շարունակ համառորեն քողարկվում է:
Հայաստանում զբաղվածների թիվը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալի համաձայն՝ կազմում է 1 մլն 72 հազար 600 մարդ։ Եթե մինչ այս այդ թիվն ի գիտություն էր ընդունվում, ապա այժմ հարց է ծագում՝ իսկ ինչի հիման վրա են այն ստացել։ Նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմում է 669 հազար։ Այսինքն՝ ԱՎԾ-ն զբաղվածների թիվը իրական եղածից ավելացրել է 403 հազարով։ ԱՎԾ-ի հրապարակած մեթոդիկայում նշվում է, որ զբաղվածների թվում ներառվում են նաեւ գյուղատնտեսությունում զբաղվածները։ Բայց ով է ասում, որ գյուղատնտեսությունում զբաղված բնակչության թիվը ընդհանուր աշխատանք ունեցողների թվի 37 տոկոսը կարող է կազմել։
Հարկ է նկատել, որ գրանցված աշխատողների թվի մի զգալի մասն արդեն իսկ կազմում են գյուղական բնակավայրերի բնակիչները։ Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը արհեստական ավելացնելով՝ արհեստական նվազեցվում է գործազրկության մակարդակը։
Այլեւս վստահաբար կարող ենք պնդել, որ Հայաստանի գործազրկության
Կարդացեք նաև
մակարդակը ոչ թե 18,5 տոկոս է, ինչպես ներկայացված է ԱՎԾ-ի վերջին տվյալներում, այլ առնվազն 35 տոկոսի սահմաններում է։
Ի դեպ, Հայաստանում աղքատության պաշտոնական ցուցանիշը հենց 35 տոկոս է կազմում։ Չնայած աղքատության եւ գործազրկության ցուցանիշներն անմիջական կապ չունեն, սակայն անուղղակի կապը անհնար է հերքել։
Ի վերջո, առնվազն տարօրինակ է, որ 18,5 տոկոս գործազրկության
պարագայում աղքատությունը 35 տոկոսից ավել է կազմում։
Այսինքն՝ ինչպես կարող է ստացվել, որ 1 մլն 72 հազար զբաղված մարդ ունեցող եւ 3 մլն-ից պակաս բնակչություն ունեցող Հայաստանում մեկ միլիոնից ավել էլ աղքատներ կան։ Այս հարցի տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ գործազրկության մակարդակն իրականում կրկնակի անգամ ավել է։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում