Ֆրանսիական աշխարհահռչակ Charlie Hebdo ամսագիրը ծաղրանկար է հրապարակել, որի հերոսը Եվրո-2016-ի ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին երկրպագելու համար Ֆրանսիա ժամանած ռուս երկրպագուն է։ Բացի սրանից, ռուս երկրպագուների թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»։
Charlie Hebdo ամսագրի հրապարակած ծաղրանկարում պատկերված է ռուս երկրպագու, որի ձեռքին կա բեյսբոլի արյունոտ մահակ։ Նկարի վերևում գրված է. «Խուլիգաններ. ռուսները ժամանել են ջարդուփշուր անելու»։ Դրա ներքևում տեղ է գտել ռուս երկրպագուի պատասխանը. «Օ ոչ, նաև օպերայի համար»։
Կարդացեք նաև
Ռուս երկրպագուների թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը. «Ես համաձայն եմ, որ անթույլատրելի է պահել այնպես, ինչպես պահել են իրենց մեր որոշ քաղաքացիները, որոնք Ֆրանսիա էին ժամանել հրավառվող նյութերով և ճայթուկներով։
Դա խստորեն արգելվում է, բայց միաժամանակ մենք չենք կարող աչք փակել այն հանգամանքի վրա, որ անտեսվում են սադրիչ գործողությունները, որոնք կատարում են այլ երկրների երկրպագուները։ Հավանաբար, հեռուստատեսությամբ դուք տեսել եք այն կադրերը, երբ ոտնատակ է արվում ռուսական դրոշը, վիրավորական արտահայտություններ են վանկարկում Ռուսաստանի ղեկավարության և մեր առաջատար մարզիկների հասցեին»։
Տեղեկացնենք, որ ռուս երկրպագուների մասնակցությամբ մի քանի սկանդալային պատմությունների հետևանքով Ռուսաստանի ազգային հավաքականը տուգանվել է 150.000 եվրոյի չափով, իսկ նմանատիպ այլ դեպքեր կրկնելու դեպքում՝ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ստիպված կլինի լքել Եվրո-2016-ը։