Երեկ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը չի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող միակ կառույցը՝ ԵԱՀԿ-ն։ Այդ մասին ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ն. Ռաջակովիչը։
Ուշագրավ է, որ վերջինս որեւէ կերպ չի ցանկացել մեկնաբանել կամ պատճառաբանել այդ փաստը. «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Ղարաբաղի հարցով Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող հանդիպմանը, եւ մենք չենք կարող այն մեկնաբանել։ Որքանով որ մենք տեղյակ ենք, այն տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Դուք պետք է ձեր հարցերը ռուսաստանյան իշխանություններին ուղղեք»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը։
Իհարկե, Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպումը ԱՄՆ նախաձեռնությամբ իրականացվեց, ինչի մասին հիշատակեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, եւ այս իմաստով կարելի է Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպումը համարել ռուսական պատասխան նախաձեռնությունը՝ պարիտետի պահպանման սկզբունքով։
Սակայն այն, որ այդ հանդիպմանը չի մասնակցելու ԵԱՀԿ-ն, արդեն իսկ բավականին մտահոգիչ է։ Ստացվում է, որ ՌԴ հայտ է ներկայացնում՝ միանձնյա իր ձեռքը վերցնելու հակամարտության կարգավորման ղեկը։
Կարդացեք նաև
Պարզ ասած՝ բացառապես ռուսական նախաձեռնությամբ եւ ռուսական մասնակցությամբ անցկացվելիք այդ հանդիպման հետ կապված վերաթարմանում են, այսպես կոչված, «Լավրովի պլանի» շուրջ մտահոգությունները, առավել եւս, որ ադրբեջանական կողմը անթաքույց ոգեւորությամբ է խոսում այդ պլանի գործարկման հնարավորության մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում