Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանն այն մարդկանցից է, որը չսահմանափակվեց ապրիլյան պատերազմի մասին պատմող մի քանի ռեպորտաժներով։ Նա այս ամբողջ ընթացքում ավելի շատ Արցախում էր՝ սահմանին, քան Երեւանում։ Հանդիպման օրն էլ պատրաստվում էր մեկնել Արցախ, գնալ դիրքեր, լուսանկարել առաջնագծի զինվորներին։ Հակոբ Պողոսյանը կատակում է. «Այնքան եմ «Եղնիկներ» գնացել, մարդիկ գիտեն՝ տղա ունեմ այնտեղ ծառայող, ես էլ ասեցի՝ 2 ծառայող աղջիկ ունեմ, ուրիշ ոչ ոք»:
– Այդ ընթացքում թե ֆոտո, թե վիդեո տարբերակով բազմաթիվ նյութեր եք պատրաստել, կա՞ն բաներ, որ կադրից դուրս են մնացել, բայց կուզեիք, որ մարդիկ իմանային դրա մասին։
– Մի բան կարող եմ ասել, որ նվնվացող զինվորի ես չտեսա, որը գուցե սրանից առաջ կարող է զանգեր ու ծնողից մի հատ բատինկա ուզեր։ Այս անգամ եթե նույնիսկ իր բատինկան պոկված էլ էր, համազգեստն էլ՝ ցեխոտ, նա չէր նեղվում դրանից, որովհետեւ բոլորն էին գիտակցում, որ պատերազմ է, նվնվալու ժամանակ չկա։ Հ
ետո իրենք ոչ մի բանի կարիք չունեին, անգամ սննդի։ Սնունդը լիքը լցրած էր, բայց արդեն դրա կարիքն էլ չունեին, իրենց ուշքն ու միտքը պատերազմն էր։ Կարող է սնունդը 5-10 օր էլ չլիներ, մեկ է, իրենք դիմանալու էին։
Երեկ մի կին ցուցահանդեսի ժամանակ ասաց՝ էս ի՞նչ թատրոն եք սարքել, ձեր բոլոր զինվորները ծիծաղում են, ժպտում, սարքել եք, պատերազմը ներկայացրել եք ժպիտով։ Ի դեպ, դա եւ Լեւոն Աթոյանցի լուսանկարներում կար, եւ իմ։ Բայց նա չհասկացավ, որ այդտեղ հաղթած զինվորի ժպիտն է, առաջ գնացող զինվորի ժպիտը, ոչ մի սարքովի բան չկա, որովհետեւ դիրքերում ես չտեսա մի զինվորի, որը նվնվար, ասեր՝ ոտքս ցավում ա, ուրիշ ժամանակ գուցե սանչաստ վազեր՝ բժշկի մոտ, բայց այսօր սանչաստից դուրս էր գալիս, գնում էր առաջնագիծ։
Այդ նույն բանը կար նաեւ առաջին պատերազմում, վիրավոր զինվորը գալիս էր Ստեփանակերտի հոսպիտալ, վիրակապը հանում էր ու 2-3 օր հետո գնում կռվի դաշտ։ Այսօր զինվորի մեջ այդ ոգին կար։ Շատերը խուսափում էին նկարվելուց, բայց այդ հպարտությունը բոլորի մեջ կար։
Ես նկարեցի ուղղաթիռ խփած մեր զինվորին, որը չէր կարողանում խոսել եւ գուցե ամբողջովին չէր էլ գիտակցում, թե ինչ է արել, բայց արել է։ Հայրենասիրություն չկա սահմանում, որովհետեւ այդ տղան արդեն հայրենասիրական մղումով արել էր մի գործ, որի մասին չէր կարող խոսել։ Կարող է մի տարի հետո իրենք էլ ինչ-որ տեղ գլուխ գովան, ոնց որ հիմա շատերն են ասում՝ սա ենք արել, բայց այսօր այդ համեստությունը կա։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում