Այնպիսի տպավորություն է, որ վերջին շրջանում ամենալուսավոր մտքերը հայերի գլուխներում են ծագում։ Օրինակ, ո՞ր ազգի մտքով կանցներ իր փոխարտգործնախարարին գործից կտրել եւ ուղարկել մարզեր՝ Հայաստանի արտաքին քաղաքականության խազերը մարզային ազգաբնակչությանը մանրամասնությամբ բացատրելու։ Հա, ի դեպ, այսպիսի այցերը շարունակական բնույթ են կրում։ Արագածոտնի մարզը լուսավորել են, հերթը, հավանաբար, Լոռու մարզինն է կամ Շիրակինը։ Պատրաստվեք, որ Շավարշ Քոչարյանը հիմա պիտի գա լիկբեզ անելու։
Երբ ՀՀ ԱԳՆ կայքում կարդացի այս մասին տեղեկատվությունը, ինձ թվաց՝ Շավարշ Քոչարյանի պաշտոնի իջեցում են արել, եւ նա մարզ է մեկնել որպես հրահանգիչ կամ մի ուրիշ բան, որին հանձնարարել են զրույցներ վարել ՀՀ արտաքին քաղաքականության մասին։ Բայց, չէ, ահա, սեւով սպիտակի վրա գրել են. «ՀՀ վարչապետի՝ Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հունիսի 10-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցն Աշտարակ եւ հանդիպումը քաղաքի բնակչության հետ»։ Կրակ են սրանք։ Այ ձեր ցավը տանեմ, Շավարշ Քոչարյանը հո գյուղնախարար կամ տարածքային կառավարման նախարար չէ՞, որ մարզեր գնա, կթվորուհիների հետ հանդիպի, հողագործների եւ անասնապահների։ Շավարշ Քոչարյանի գործը, ախր, մի քիչ ուրիշ է:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում