Զինվորների ծնողները հաճախ անտեղյակ են, թե ինչպես օգտվեն
պետական աջակցությունից, եթե տղաները բանակում են հաշմանդամություն ձեռք բերել:
Բանակում ծանր վիրավորումներ ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորները մինչ ապրիլյան պատերազմը, կարելի է ասել, անտեսված էին: Քառօրյա պատերազմը սթափեցրեց հասարակությանը, եւ մարդիկ ավելի շատ ու սրտացավորեն սկսեցին հետաքրքրվել զինվորների թե՛ ընտանիքի սոցիալական վիճակի, թե՛ առողջության եւ թե՛ նրանց բանակային կենցաղի մասին:
Մինչդեռ մենք ունենք բանակում հաշմանդամություն ձեռք բերած զինվորներ կամ արդեն նախկին զինվորներ, որոնք բոլոր առումներով անտեսված են:
«Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զոհվածների ընտանիքներին» նախաձեռնության անդամ Հայկուհի Մինասյանն ասում է՝ շատ կան ընտանիքներ, որոնց զավակները բանակում են հաշմանդամություն ձեռք բերել, եւ նրանք պետական հոգածության տակ պետք է լինեն՝ անվճար դեղորայք ու այլ տիպի աջակցություն ստանան, սակայն չտիրապետելով իրենց իրավունքներին՝ զրկվում են այդ ամենից:
«Մենք ունենք 7 տարի կոմայի մեջ գտնվող զինվոր, որն անհասկանալի պատճառներով 3 անգամ սրտի կանգ է ունեցել, առաջինը՝ դիրքերից իջնելիս, մյուսները՝ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: Նա անգամ «վիբրոմա» ներքնակ չունի, անիվներով մահճակալ չունի, որպեսզի ծնողները կարողանան տեղափոխել նրան: Այս զինվորի ընտանիքին պաշտպանության նախարարությունն օգնել է, սակայն ծնողներն իրենք չեն կարողացել ճիշտ գնահատել իրենց հաշմանդամ որդու կարիքները, նա անշարժ պառկած է, ու առաջնային հարկավոր էր ապահովել հատուկ ներքնակով ու մահճակալով: Սոթքում բնակվող մի հաշմանդամ տղա, որը կրկին բանակում է ողնաշարի վիրավորում ստացել, ցուրտ պայմաններում նրա աթոռը ծակում էին, տղային դնում վրան ու տեղափոխում դրսի փայտե զուգարան: Այս ամենի պատճառն այն է, որ որեւէ մեկը չի զբաղվում նրանց խնդիրներով»,- իր պրակտիկայից օրինակ է բերում Հայկուհի Մինասյանը:
Հայկուհի Մինասյանն ասում է՝ շատ հաճախ, հատկապես հեռավոր գյուղերի բնակիչները չգիտեն իրենց իրավունքները, անգամ դիմում չեն կարողանում գրել՝ պետական աջակցությունից օգտվելու համար: Օրինակ՝ կան ծնողներ, որոնք անգամ չգիտեն, որ իրենց տղային հաշմանդամության սայլակն անվճար պետք է պետությունը հատկացնի, եւ նրանք սպասում են՝ մինչեւ մի ծանոթ հայտնվի, որը մեքենայով տղային կտեղափոխի մարզից մայրաքաղաք: Մինասյանը պատմում է, որ բանակում առողջական խնդիրներ ձեռք բերած մի տղայի ծնողներ ստիպված են եղել որդու դեղորայքի համար վճարել 200 հազար դրամ, մինչդեռ, ըստ օրենքի, դա նրան անվճար պետք է տրամադրվեր. «Մենք դիմում ենք գրել պաշտպանության նախարարություն եւ այդ գումարը հետ ենք ստացել»:
Կարդացեք նաև
Մինասյանն ասում է՝ անհրաժեշտ է ստեղծել մի կառույց, որը հատ առ հատ կզբաղվի բանակում հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց խնդիրներով, կամ, օրինակ, մայրը բանակում կորցրել է որդուն, եւ նրան գոնե հոգեբանական աջակցություն է հարկավոր: Ուստի, ստեղծելով համապատասխան մի օղակ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետներ պետք է ներգրավել, որոնք թե սոցիալական, թե հոգեբանական եւ թե իրավական խնդիրներով կզբաղվեն:
Հայկուհի Մինասյանի պատմելով՝ հիմա նախաձեռնությունը զբաղվում է բանակում ողնաշարի վիրավորում ստացած երկու տղաների խնդիրներով, որպեսզի նրանց տեղափոխեն արտերկիր՝ բուժման, բայց սա պետք է անեն ոչ թե բարերարների միջոցներով, այլ պետական: Մինասյանի ներկայացմամբ՝ սպասում են Գերմանիայի կլինիկաների պատասխաններին. եթե պարզվի, որ այնտեղ հնարավոր է այդ զինվորներին այնպիսի բուժօգնություն տրամադրել, որ առաջընթաց գրանցվի, ապա օրենքի սահմաններում են գործելու եւ հիմնվելու են կառավարության որոշման վրա, ըստ որի՝ կառավարությունը խոստացել է հոգալ զինվորների՝ արտերկրում բուժվելու ծախսերը. «Յուրաքանչյուր զինվորի համար հետեւողական ենք լինելու, բոլոր հարցերը, որոնք չեն լուծվի, մենք դիմելու ենք դատարան»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
15.06.2016