Վարչապետի հետ հանդիպումը չէր գոհացրել քաղաքացիներից շատերին
«Օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով», «Օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում», «Գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը». այս մեջբերումներին ծանոթ ենք, երբ առաջին անգամ պետության կարիքների համար օտարվեցին մարդկանց սեփականություն հանդիսացող բնակարանները, կնքվեցին պայմանագրեր, ուր ավելացավ նաեւ «հասարակության կարիքների համար» բառակապակցությունը:
Իրականում նախորդ օտարումներից դաս չքաղեցին կառուցապատողներն ու պայմանագիր կնքող ընկերությունները: Հետեւանքը բազմաթիվ ու շարունակական դատական գործընթացներն են:
«Ի ԷՄ Սի», «Սիթի Սենթր Դիվելըմփմենթ» եւ «Գլենդել Հիլզ» Փակ բաժնետիրական ընկերությունների դեմ Արմինե Ղուկասյանի, նրա ընտանիքի անդամների հայցով դատական գործընթացները շարունակվում են:
Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին Ղուկասյանների հայցապահանջը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է: Դատարանը վճռել է հօգուտ հայցվորների «Գլենդել Հիլզից» բռնագանձել 2009թ. դեկտեմբերի 9-ի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման» պայմանագրով նախատեսված «բնակարանների գնին համարժեք գումարը՝ որպես պարտավորություն խախտման հետեւանքով պատճառված վնասի հատուցում», ինչպես նաեւ նույն պայմանագրով սահմանված տոկոսագումարները, սկսած 2013թ. հունիսի 10-ից մինչեւ վճռի վերջնական կատարումը՝ տոկոսագումարները հաշվարկելով պայմանագրի գնից:
Ղուկասյանները դեռեւս 2009թ. դեկտեմբերին 9-ին նշյալ Փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքում են թիվ 44 «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման» պայմանագիր: Համաձայն պայմանագրի, Ղուկասյանները վաճառում են իրենց Փ. Բուզանդի փողոցի թիվ 11-12 հասցեներում գտնվող 79, 2 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը, օժանդակ շինությունը: Նրանց պետք է հատկացվեր կառուցվելիք 33 թաղամասի բազմաբնակարան շենքի 10-րդ հարկում 2 բնակարան՝ առանձին-առանձին, 132, 2 քմ ընդհանուր մակերեսով, Երեւանի գինու գործարանին հարող տարածքում կառուցվելիք շենքում էլ՝ 87 քմ մակերեսով եւս մեկ բնակարան:
Կարդացեք նաև
Պայմանագրի արժեքը կազմում էր 66 միլիոն 470 հազար ՀՀ դրամ:
Պայմանագիրը կնքվել էր 36 ամիս ժամանակով, այսինքն՝ 2009թ. դեկտեմբերի 9-ից մինչեւ 2012թ. դեկտեմբերի 9-ը:
Ղուկասյանների տեղեկացմամբ, պատասխանող ընկերությունները չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, յուրաքանչյուր օր հաշվարկվող տույժերի գումարներն անգամ մասնակիորեն իրենց չի վճարվել:
Մինչդեռ առկա է Վճռաբեկ դատարանի 2011թ. դեկտեմբերի 27-ի որոշումը, համաձայն որի. «Պարտապանը պարտավոր է ամբողջությամբ կատարել պարտավորության բովանդակությունից եւ օրենսդրությունից բխող բոլոր պարտավորությունները»:
Մինչ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննության կդրվեր կառուցապատող կազմակերպության բողոքը, այս տարվա հունվարի 22-ին սնանկ է ճանաչվում «Գլենդել Հիլզը»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմում միայն «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունը, որը, մասնավորապես, իր բողոքում հայտնել էր, թե առաջին ատյանի դատարանը չի ապահովել իրենց մասնակցությունը, իրենք չեն ծանուցվել դատական նիստի, ժամի, վայրի, ընթացող քաղաքացիական գործի մասին, հետեւաբար, չեն կարողացել արտահայտել իրենց դիրքորոշումը հայցի, ինչպես նաեւ առանձին դատավարական գործողությունների վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանից այս ընկերությունը խնդրել էր գործն ուղարկել նոր քննության, նույն դատարան՝ այլ կազմով:
Ի դեպ, վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Ա. Սմբատյանի նախագահությամբ, մասնակցությամբ դատավորներ Կ.Հակոբյանի եւ Ա.Հունանյանի, հունիսի 9-ին բեկանել է առաջին ատյանի վճիռը, գործն ուղարկել է նույն դատարան՝ «ամբողջ ծավալով նոր քննության»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի «վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը» հատվածում նշվել է, որ Փակ բաժնետիրական ընկերությունները ստացել են ծանուցագիրը, դրան հետեւել է այդ ընկերությունների աշխատակցին՝ Արթուր Միքայելյանին լիազորագիր տալը, որպեսզի ներկայացնի ընկերությունների շահերը դատարանում, վերջինը ներկայացել է, մասնավորապես, 2015թ. մարտի 31-ի դատական նիստին, այսինքն՝ ծանուցագրերը, որոնք ուղարկվել են կողմին, եղել են պատշաճ:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, ապա քաղաքացիներին առաջարկվել է մեկ այլ տարածք՝ Նորք-Մարաշի, քառակուսի մետրը 400 դոլարին համարժեք դրամով: Այսինքն՝ պատեր: Մինչդեռ պայմանագրով շեշտված էր. «տրամադրել…ընդհանուր մակերեսով ՀԱՐԴԱՐՎԱԾ բնակարան»:
Ա.Ղուկասյանն ասում է, որ իրենք հետամուտ են լինելու պայմանագրի կատարմանը, եւ չի բացառվում, որ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե դատական ատյանները իրավական քայլեր չանեն արդարադատության իրականացման ուղղությամբ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
15.06.2016