Իշխանությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը կարծես թե պայմանավորվեցին կրկին հանդիպել եւ քննարկել Ընտրական օրենսգիրքը` այն hեռանկարով, որ այդ բանակցությունների արդյունքում կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, եւ օրենսգիրքը կփոխվի՝ հաշվի առնելով «ոչ իշխանական» 4+4+4-ի ցանկությունները: Դա, անշուշտ, դրական քայլ է, որը, կարծում եմ, հնարավոր դարձավ ոչ միայն իշխանության բարի կամքի, այլեւ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հետեւողականության եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի քիչ թե շատ սկզբունքային դիրքորոշման շնորհիվ:
Ի՞նչն է կարող խանգարել այդ բանակցությունների հաջողությանը: Երկու բան: Նախեւառաջ՝ մանր-մունր միջադեպերը: Հիշո՞ւմ եք, 2011 թվականին իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը տապալվեց այն պատրվակով, որ ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ընդհարվել էր ոստիկանների հետ ինչ-որ դնչկալի պատճառով: Եվ որտե՞ղ է հիմա Տիգրան Առաքելյանը: Որքան գիտեմ՝ «մեծ քաղաքականության» մեջ չէ: (Հետեւաբար, բոլոր քաղաքացիներին պետք է կոչ անել «4+4+4» ձեւաչափով հանդիպումների ընթացքում իրենց շներին ման տալ բացառապես դնչկալներով): Ընդհանրապես, երբ խոսքը պետական կարեւոր խնդիրների մասին է, ցանկալի է խուսափել բակում խաղացող դեռահասների բառապաշարից. «Ինձ վիրավորողը դեռ չի ծնվել», «Ո՞վ կարա ասի, որ աչքիս վերեւը ունք կա»:
Երկրորդ հարցի պատասխանը, եթե այն անձամբ ինձ վերաբերի, ես կարող եմ տալ՝ «բոլորը»: Իսկ որեւէ այլ կերպ հնարավո՞ր է ցանկացած մահկանացուի դեպքում: Ի՞նչ է, ես կատարելության մարմնավորո՞ւմ եմ, տիեզերական ճշմարտություններ բարբառողը, առաքինի վարքի համընդհանուր օրինա՞կ եմ: Այնպես որ՝ գոնե «4+4+4»-ի ձեւաչափում նման տղայական խայթոցներից կարելի է խուսափել: Ի դեպ, պետք չէ վիճել նաեւ նրա մասին, թե արդյոք դրանք բանակցություննե՞ր են, թե՞ քննարկումներ: Ում ինչպես հարմար է՝ թող անվանի:
Երկրորդ վտանգն այն է, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, շարունակի երկու ոտը դնել մի կոշիկի մեջ ու ընդդիմությանը էական զիջում չանի՝ «խորամանկորեն» ասելով, թե անում է: Ինձ թվում է, որ մեր պետությունը հիմա այն վիճակում չէ, որ քաղաքական ուժերն իրենց թույլ տան նման խաղերի «շքեղություն»: Եթե իշխանությունը տրամադրված չէ փոխզիջման, ապա քննարկումների կամ բանակցությունների այս փուլը չարժե սկսել: Անիմաստ ժամավաճառություն է:
Կարդացեք նաև
Բայց նույնիսկ եթե բոլոր հարցերում կողմերը կարողանան կոնսենսուսի հասնել, բայց կեղծ «համամասնական» կամ «բաց ցուցակներով» ընտրակարգը մնա, ապա, միեւնույն է, 2017 թվականին ՀՀԿ-ի վերարտադրության շանսերը շատ բարձր կլինեն: Ցավոք, արեւմտյան գործընկերներն այս հարցում իշխանության վրա առանձնապես ճնշում չեն գործադրում: Ասում են՝ առաջարկվող համակարգը չի հակասում միջազգային փորձին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իշխանությունը “վռռցնելու” գործի մեջ ա։Կամ էլ,ընդիմադիր դիրքերից հանդես եկողներին” ինչ -որ շահավետ առաջարկ անելու մտադրություն ունի։Դրանք, երբեք չեն հանաձայնվելու փոփոխությունների համամասնականի հարցում։Երբեք չեն հանաձայնվելու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակմանը։Դրանք, երբեք չեն գնա էնպիսի փոփոխության, որը կարող ա կասկածի տակ դնի իրենց վերարտադրությունը։Համ էլ, գողականներին “պալոժ չի” ընդիմադիրի առաջարկ ընդունելը։