Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տենորի աչքը «դուրսը» չէ

Հունիս 16,2016 16:00

Տիգրան Օհանյանն արժանացել է Գալինա Վիշնեւսկայայի անվան միջազգային մրցույթի հատուկ մրցանակին

Եթե երաժիշտների շրջանում անցկացվեր մշտադիտարկում՝ պարզելու համար, թե հայաստանցի քանի երաժիշտ է ապրում ու ստեղծագործում արտերկրում, ապա առաջին հորիզոնականում, միանշանակ, կհայտնվեին օպերային երգիչները: Բոլոր ժամանակներում վերջիններս պահանջված են եղել հեղինակավոր թատրոնների եւ նվագախմբերի կողմից:

Մեր վոկալիստներն առանձնացել են նաեւ ամենատարբեր միջազգային մրցույթներում: Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մեներգիչ Տիգրան Օհանյանի (տենոր) մասնակցությունը Մոսկվայում կայացած Գալինա Վիշնեւսկայայի անվան երիտասարդ օպերային ձայների միջազգային մրցույթում բացառություն չէր: Նա արժանացավ հատուկ մրցանակի՝ իրավունք ստանալով աշնանը գլխավոր դերերգով հանդես գալու Գալինա Վիշնեւսկայայի անվան օպերային թատրոնում: Երիտասարդ արվեստագետի համար տարեսկզբից միաժամանակ մի քանի դուռ բացվեց: Մինչ Տիգրան Օհանյանը կավարտեր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան (պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանց), Ազգային օպերային թատրոնում ստացավ իր առաջին դերերգը՝ Երիտասարդ գնչու Ռախմանինովի «Ալեկո» օպերայում, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ Ռուդոլֆի դերերգով՝ Պուչինիի «Բոհեմում» (համերգային կատարում), նույն նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ընկերակցությամբ էլ կատարեց տենորի պարտիան Դվորժակի Ռեքվիեմում եւ, ամենակարեւորը՝ երգիչն արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:

«Առավոտի» հետ զրույցում Տիգրան Օհանյանը նշեց, որ Գալինա Վիշնեւսկայայի անվան մրցույթին հայտ ներկայացրած 250 երգիչներից իրավունք էին ստացել մասնակցելու 45-ը, այդ թվում՝ 8 տենոր: 12 հոգուց բաղկացած ժյուրին գլխավորել է Վիշնեւսկայայի անվան թատրոնի տնօրենը՝ Գալինա Վիշնեւսկայայի եւ Մստիսլավ Ռոստրոպովիչի դուստրը՝ Օլգա Ռոստրոպովիչը: «Մրցութային փուլերին ներկայացա Կոմսի արիայով եւ մեներգով՝ Վերդիի «Ռիգոլետո» օպերայից: Հետո հանդես եկա Դոն Օտտալիոյի արիայով Մոցարտի «Դոն Ժուանից», ներկայացրի հնդիկ հյուրի երգը Ռիմսկի-Կորսակովի «Սադկո» օպերայից, Ռուդոլֆի արիան՝ Պուչինիի «Բոհեմից», ապա Լենսկի՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգինից»,- հայտնեց մեր զրուցակիցը:

IMG_0003

Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ ոչ մի արիայով կամ ստեղծագործությամբ չի ներկայացել հայկական օպերաներից կամ մեր կոմպոզիտորների գործերից, երգիչը հավաստիացրեց, որ նախապես ներկայացված է եղել ստեղծագործությունների ցանկ՝ ընտրությունը թողնելով մասնակիցներին:

Ռեպլիկին՝ նման միջոցառումներին տարբեր առաջարկներով սովորաբար մոտենում են արվեստագետներին, Տիգրան Օհանյանը պատասխանեց. «Ես հետաքրքրեցի Ամստերդամի օպերային գործակալության ներկայացուցչին եւ ռուսաստանյան «Կուլտուրա» ալիքի գլխավոր խմբագրին, որն էլ ինձ հրավիրեց աշնանը մասնակցելու «Բոլշայա օպերա» նախագծին»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե որոշ գործընկերների օրինակով իր աչքն է՞լ է «դուրս», արվեստագետը նախ նշեց, թե իր դեպքում նման բան չկա, հետո էլ մանրամասնեց. «Երազանքներիցս մեկը՝ հանդես գալ Մեծ թատրոնում, փաստորեն, ինչ-որ չափով կայացավ, քանի որ մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը տեղի ունեցան այդ հեղինակավոր մշակութային օջախում (լուսանկարում): Աչքս հաստատ «դուրսը» չէ պարզ պատճառով՝ գոնե մինչ օրս մեր օպերային թատրոնում ստանում եմ այն ամենը, ինչն անհրաժեշտ է երիտասարդ օպերային երգչին, պատրաստում եմ Լենսկու արիան Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից եւ հույս ունեմ, որ աշնանը մեր հանդիսատեսը ներկա գտնվելով հիշյալ օպերայի բեմադրությանը կամ համերգային կատարմանը, կհայտնաբերի նոր ձայներ, քանի որ այն կներկայացնեն միայն թատրոնի երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկված մեներգիչները»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օպերային երգիչները պետք է հրավիրվեն և երգեն աշխարհի բոլոր օպերային թատրոններում, այդ թվում նաև Երևանի. Օպերային երգիչին ասել թե աչքը դրսում է թե ներսում մի քիչ անգրագիտություն է. Ամբողջ աշխարհում օպերային ներկայացումները ծրագրվում են այնպես, որ աշխարհահռչակ երգիչները հնարավորություն ունենան շրջելու երկրե երկիր, նրանք չեն կարող նստել մեկ քաղաքում, նույնիսկ իրենց հարազատ: Միջազգային համբավ ձեռք բերելու ճանապարհ այդ է. Այնպես որ կցանկանայի մեր նոր տենորին գրավել աշխարհի բոլոր օպերային բեմերը… հաջողություններ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930