ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը օրերս ընդունել է կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանին՝ իր անունից անձամբ հանձնելու «Ճանաչում» հատուկ հավաստագիրը՝ ի գնահատություն արվեստի անդաստանում բերած բազմարդյունք ծառայության. «Վիգեն Չալդրանյանին՝ իբրեւ կինոդեսպանի՝ աշխարհում հայ ազգային մշակութային արժեքները տարածելու համար»: Իր ստեղծագործական կյանքի քառասունամյա ճանապարհին բազում մրցանակների, դիպլոմների, պատվոգրերի է արժանացել կինոբեմադրիչը, սակայն այս անակնկալը՝ որպես արժանաշատ վաստակի գնահատական, նշանակալից է ու հիշարժան: Վիգեն Չալդրանյանի անունը ճանաչված է Հայաստանի սահմաններից դուրս՝ իբրեւ կինոյի մեծ նվիրյալի եւ տաղանդաշատ արվեստագետի, նրա արվեստը գնահատված է բարձր պարգեւներով ու կոչումներով:
Վիգեն Չալդրանյանը երախտիքի իր խոսքում ընդգծել է Ադամ Շիֆի հայանպաստ գործունեությունը, հետադարձ հայացք նետել պատմությանը, խոնարհումով հիշատակել հայամետ գործիչներ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի անունները: Հանդիպմանը ներկա են եղել դոկտոր Էդվարդ Ազիզյանը եւ Վիգեն Չալդրանյանի դուստրը՝ Աիդա Չալդրանյանը:
Վիգեն Չալդրանյանը Միացյալ Նահանգներում է «Վարդապետի Լռությունը» ֆիլմի բարեգործական ցուցադրությունների առիթով: Ի դեպ, ֆիլմը ցուցադրվել է ապրիլի 15-ին Հոլիվուդի «Paramount Pictures», մայիսի 22-ին Գլենդելի «Stars Palace» կինոդահլիճներում, այնուհետ՝ Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում: Ցուցադրություններից ստացված հասույթը փոխանցվել է ԼՂՀ պաշտպանության բանակին:
ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ
«Վարդապետի Լռությունը» ֆիլմի գործադիր պրոդյուսեր
«Առավոտ»
15.06.2016