Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքր հաղթանակ է, բայց փորձ է». աշակերտ

Հունիս 16,2016 00:14

Այս տարի դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երևանի և ԼՂՀ-ի 1492 դպրոցականներ: Նրանցից 74-ն արժանացել են առաջին, 105-ը՝ երկրորդ, 136-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հունիսի 15-ին նախարար Լևոն Մկրտչյանն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարվա հաղթողներին հանձնեց ԿԳՆ առաջին կարգի դիպլոմները:

«Կյանքում երկու բաներ շատ անհրաժեշտ են. առաջին՝ դուք պետք է ունենաք ձեր անձնական ազատությունն ու ընդհանուր զարգացածության նշաձողը, երկրորդ՝ 21-րդ դարում առավել կարևոր է մասնագիտական նախընտրությունների ձևավորումը, որը հնարավորություն կտա ձեր աշխարհընկալումն ուղղորդել ճիշտ ճանապարհով»,- շնորհավորելով օլիմպիադայի հաղթողներին՝ ասաց Լևոն Մկրտչյանը:

«Սեփական աշխարհընկալումն ունենալու համար ձեզանից յուրաքանչյուրը նախ պետք է հասկանա՝ որտեղից է գալիս և ուր է գնում,- շարունակեց նախարարը.- օլիմպիական ճանապարհի այս փուլում դուք դարձել եք հաղթող և արձանագրել լուրջ հաջողություն: Ձեզանից յուրաքանչյուրը, դառնալով հաղթող, ունի պատասխանատվություն ոչ միայն անձնական, այլև ընդհանրական ճանապարհի համար, որով անցնելու է ձեր սերունդը: Դուք մեր հանրապետության ապագան եք: Վստահ եմ՝ այն խնդիրները, որոնք այսօր լուծված չեն, լուծվելու են ձեր կողմից: Մեր ազգային մեծ երազի ճանապարհին դուք ունեք կարևոր անելիք, որովհետև դուք արդեն հաղթող եք և պարտավորություն ունեք գնալ հաղթանակի ճանապարհով՝ ձեզ հետ տանելով ձեր կողքին գտնվող ընկճված ու հուսահատված ընկերոջը: Եթե մեկ անգամ հաղթում ես, պետք է անընդհատ հաղթես. սա իմ գլխավոր մաղթանքն է ձեզ»:

Նշենք, որ օլիմպիադաներն անցկացվել են 16 դպրոցական առարկաներից՝ 3 փուլերով (համայնքային, մարզային կամ քաղաքային, հանրապետական): Ընդհանուր առմամբ, միայն բնագիտական 7 առարկաներից օլիմպիադաների 3 փուլերին մասնակցել են ավելի քան 45 հազար դպրոցականներ:

Երևանի Ստեփան Զորյանի անվան համար 56 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Տիգրան Չթչյանը, օրինակ, առաջին կարգի դիպլոմի է արժանացել «Մաթեմատիկա» առարկայից:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առաջին անգամ է մասնակցում օլիմպիադայի. «Խնդիրները ոչ հեշտ էին, ոչ էլ՝ դժվար: Շատ էի պարապել, գիտեի՝ ինչպես լուծել ու հաջողվեց: Հույսեր ունեի, որ կհաղթեմ: Հուզմունք, լարվածություն միշտ լինում է, բայց հենց գալիս է խնդիրը լուծելու պահը, մոռանում ես դրանց մասին»,- ասաց Տիգրանը:

Նա դեռ հստակ չի որոշել՝ ինչ մասնագետ է դառնալու. «Ամենայն հավանականությամբ, կդառնամ ծրագրավորող: Ինձ հետաքրքրում է այդ մասնագիտությունը: Հիմա չեմ մտածում՝ այն ընտրելով՝ հետագայում աշխատանք կունենամ, թե ոչ: Միայն լավ սովորելու մասին եմ մտածում, որպեսզի ինչ էլ դառնամ, օգտակար լինեմ մարդկությանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Երևանի համար 45 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինե Վարդազարյանը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից է առաջին կարգի դիպլոմ ստացել:

«Երբ հաղթահարեցի դպրոցական փուլը, շատ ուրախացա ու փորձեցի հասնել հանրապետական փուլ: Փաստորեն հաջողվեց: Ուզում եմ նաև մյուս տարի մասնակցել: Շատ եմ սիրում այդ առարկան, բայց, հավանաբար, իրավաբան եմ դառնալու: Օլիմպիադային մասնակցեցի, որովհետև ուզում էի հաղթել: Փոքր հաղթանակ է, բայց փորձ է»,- կարծում է Քրիստինեն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930